Նաիրա Զոհրաբյանը՝ Յագլանդին. «Տարակուսելի էր Ձեր վերջին հայտարարությունը»

01/13/2017

ԵԽ գլխավոր քարտուղար պարոն Թյորբորն Յագլանդին Հարգարժան գլխավոր քարտուղար Դուք մշտապես աչքի եք ընկել Ձեր անկողմնակալ եւ հավասարակշիռ հայտարարություններով, ուստի մեզ համար առնվազն տարակուսելի էր Ձեր վերջին հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի միջադեպի առնչությամբ։ Ես հասկանում եմ, որ Ձեր հայտարարության հիմնական ուղեցույցը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հավասարակշիռ եւ խիստ կողմնակալ հայտարարությունը, սակայն, հարգարժան գլխավոր քարտուղար, ես չէ, որ Ձեզ պետք է ասեմ, որ մարդասիրությունը չի կարող ընտրովի լինել եւ մարդասիրությունն իրավունք չունի քաղաքական գունավորում ունենալ։ Ես կհասկանայի Ձեզ, եթե դուք նույնպիսի ջանասիրությամբ ժամանակին հստակ գնահատական տայիք Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին՝ դիվերսիաներին, անթույլատրելի զինատեսակների կիրառմանը, զինվորների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումներին եւ դիակների պղծումներին, եթե Դուք կոչ անեիք Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները եւ եթե Դուք դատապարտեիք այն, ինչ արեց Ադրբեջանը ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ՝ գլխատելով եւ անարգելով հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, սպանելով երեխաներին։ Բոլոր այդ փաստերը ժամանակին Ձեզ տրամադրվել են։ Սակայն, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ թե՛ Դուք զարմանալիորեն չհիշեցիք մարդասիրության եւ միջազգային իրավունքի մասին, ինչը առնվազն տարակուսելի է, եթե չասեմ՝ խիստ դատապարտելի։ Դուք քանիցս ասել եք, որ Ձեզ չեք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մասնագետ։ Ուստի, Ձեր փորձառությունն ունեցող գործիչը, իմ վստահ համոզմամբ, պետք է ոչ թե աներկբա հիմնվեր Մինսկի խմբի ոչ հավասարակշիռ հայտարարության վրա, այլ հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու զգայունությունը, առավել մանրամասն տեղեկանար խնդրին։ Իսկ փաստն այն է, որ սահմանային վերջին միջադեպը Ադրբեջանի հերթական դիվերսիան էր եւ Ձեր մատնանշած զինվորը չեզոքացվեք է Հայաստանի տարածքում՝ դիվերսիոն գործողություն իրականացնելու ժամանակ։ Ես ցավում եմ, որ մեր բոլորի կողմից մեծագույն հարգանք վայելող ԵԽ գլխավոր քարտուղարը ուղղակի երկրորդել է Մինսկի խմբի անընդունելի հայտարարությանը, դրանով վնաս հասցնելով ոչ միայն իր բարի համբավին, այլ նաեւ բանակցային գործընթացին։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հունվարյան նստաշրջանի ժամանակ հանդիպել Ձեզ հետ եւ ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես այն կա՝ մարդասիրության եւ միջազգային նորմերի տիրույթում։ Հարգանքով՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան 

 

 http://www.aravot.am/2017/01/13/845035/