Միքայել Մելքումյանը՝ իրենց թեկնածուի որդու մահվան մասին. Նրա հարազատներին չհավատալու ոչ մի հիմք չկա
Գյումրիի քաղաքային ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդեւան Գրիգորյանի մահացած որդու՝ Արշակ Գրիգորյանի հարազատների խոսքին չհավատալու ոչ մի հիմք չկա: Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան գործով քննության ընթացքը: Վարդեւան Գրիգորյանը Գյումրիի ավագանու հոկտեմբերի 2-ի ընտրություններում գլխավորում էր «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը եւ հավակնում էր քաղաքապետի պաշտոնին:
«Մենք չեն պնդում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Մենք ուղղակի հայտարարում ենք, որ հիմքեր չունենք Արշակի հարազատների խոսքին չհավատալու համար: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել գործի քննությանը»,- հայտարարել է Մելքումյանը:
Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանին մահացած են հայտնաբերել սեպտեմբերի 22-ին տան նկուղում՝ գլխի հրազենային վերքով: Նրա հայրը խնդրել է տեղի ունեցածը ընտրությունների հետ չկապել: