ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ
09/24/2009

Մեծ է Գեորգի Ասատուրյանի ավանդը հայրենական սպորտի, մշակույթի, արվեստի մասսայականացման եւ աշխարհում այն ներկայացնելու գործում։ 1960–ականներին Գ. Ասատուրյանին է վստահվում սպորտկոմիտեի ղեկավարման աշխատանքը: Իր հսկայական աշխատանքի շնորհիվ Հայաստանը կարողացավ հաղթել միութենական հանրապետությունների միջեւ ընթացող թեժ մրցապայքարում, որից հետո սկսվեց Ծաղկաձորի համամիութենական օլիմպիական մարզաբազայի շինարարությունը։ Հայկական ֆուտբոլում նույնպես գործուն մասնակցություն է ունեցել Գեորգի Ասատուրյանը, ինչի շնորհիվ ծնվեց հայկական ֆուտբոլի դեռեւս չգերազանցված բարձունքը՝ 1973 թվականը։
Իր շնորհավորական խոսքում միջոցառման հովանավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Այսքան պատկառելի կենսագրական ուղի անցած մարդուն մեծարելը մեծ պատիվ է մեզ համար։ Դուք իրապես փառավոր ուղի անցած մարդ եք։ Այսօր էլ Դուք պատրաստ եք գրավել ստեղծագործական նորանոր բարձունքներ, Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցել ավելի երիտասարդ սերնդին»։
ՀԱՕԿ նախագահը Հայաստանում օլիմպիական շարժման եւ սպորտի մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գեորգի Ասատուրյանին պարգեւատրեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի ամենաբարձր պարգեւով՝ Օլիմպիական ոսկե շղթայով, ինչպես նաեւ 5 մլն դրամ որպես պարգեւ հանձնեց հոբելյարին։
Անակնկալ էր պատրաստել նաեւ հոբելյարը: Գեորգի Ասատուրյանը Գագիկ Ծառուկյանին նվիրեց խորհրդանշական նվեր՝ դաշույն, որը հոբելյարին 50 տարի առաջ նվիրել էր Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը: