Մենք կարող ենք օգտագործել ռուսական ողջ արսենալը, հետո նոր տեղեկացնել նրանց. Նաիրա Զոհրաբյան

06/29/2016

ՌԴ-ի հետ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություն է տալիս ավելի անվտանգ դարձնել մեր օդային տարածքը. հնարավորություն է տալիս օգտագործել ՀՀ-ում տեղակայված ռուսական արսենալը, մեկ հրահանգով, որից հետո միայն տեղյակ պահել ռուսական կողմին: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, սրանով իրավունք ենք ստանում առանց ռուսական կողմից նախապես տեղեկացնելու՝ օգտվելու ռուսական ռազմաբազայի արսենալից, այդ թվում կործանիչներից:

«Եթե կան մարդիկ, որոնք կարող են ասել, որ առանց այս պայմանագրի կարող են ապահովել մեր օդային անվտանգությունը, կարելի է դա էլ քննարկել»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է փաստին, որ Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ եթե վավերացնենք այս համաձայնագիրը, մենք չենք շարունակելու խոսել բոլոր ամբիոններից, որ մեր դաշնակիցը հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին: Ես Պետդումայում ասել եմ, որ գործընկերությունը փողի հետ չեն փոխում, ու Ռուսաստանը համանախագահող երկրներից միակն է, որ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ով ասաց, որ մենք դադարելու ենք մեր մտահոգությունները հայտնել: Ինչ կապ ունի դա այս համաձայնագրի նախագծի հետ»:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

 

http://news.am/arm/news/334630.html