Մեկ տարի առաջ հենց այս օրն իրենց տան մեջ դաժանաբար սպանված Ավետիսյանների գերեզմանն արդեն սարքված է
Այսօր բազմաթիվ գյումրեցիներ, ինչպես նաև ԱԺ պատգամավորների մեծ մասը՝ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք, ինչպես նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, եկան գերեզմանոց՝ ծաղիկներ դնելու ու խնկարկելու այս անմեղ մարդկանց հիշատակը:
Շիրակի թեմի քահանաները հոգեհանգստի կարգ անցկացրեցին, հավաքվածների հետ միասին աղոթք բարձրացրեցին առ Աստված Ավետիսյանների հոգիների հանգստության համար: Տեր Նշանը նշեց, որ այս ճոխ գերեզմանը ու ծաղիկները նրանց ամենևին էլ պետք չէ, նրանք կարիք ունեն մեր աղոթքների: Այնուհետ Տեր Նշանն ասաց, որ նրանց հոգեհացը կլինի ռեստորաններից մեկում:
Այստեղ ևս տեսարանը դաժան էր, հարազատները նայելով նկարներին, զրույցի էին բռնվել սպանված Ավետիսյանների հետ:
Փոքրիկ Սերյոժայի շիրիմին նոր խաղալիքներ դրեցին: Նշենք, որ գյումրեցիներին «Շիրակ» գերեզմանոց էր տեղափոխել քաղաքային տրանսպորտը, որն այսօր երթուղուց դուրս էր բերվել քաղաքացիներին գերեզմանոց տեղափոխելու համար: