"Մեծ առումով, թե ով կլինի ԿԸՀ կազմում, ոչինչ չի փոխվում, քանի դեռ երկրում ընտրական գործընթացների անցկացման խաղի կանոնը չի փոխվել՛՛ Նաիրա Զոհրաբյան
«Ես այդքան չէի գերագնահատի ԿԸՀ-ի դերը ընտրությունների պատասխանատվության հարցում: Ով կլինի այնտեղ նստած` կոնկրետ մեզ համար մեծ առումով ոչինչ չի փոխում, քանի դեռ երկրում ընտրական գործընթացների անցկացման խաղի կանոնը չի փոխվել: Եթե երկրում շարունակում է գործել արատավոր ընտրական համակարգը և, ցավոք սրտի, այդ ընտրական համակարգը գնալով հասցվում է ոսկերչական աստիճանի, ըստ էության, ում էլ դնենք էնտեղ անձեր, մեծ առումով որևէ բան չի փոխվելու: Վանաձորի և Գյումրիի ընտրությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ընտրական արատավոր համակարգը մեզանում որևէ շեղում դեպի բնականոն ընթացք ցույց չի տալիս»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով երեկ, խորհրդարանում, իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, թե ընտրություններից առաջ ԲՀԿ-ն աշխատանք է տանում ժողովրդի հետ, որպեսզի հաջողություն արձանագրի, պատգամավորն ասաց. «Քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` ֆեյսբուքյան իրականությունը, ձեր մի քանի աղանդավոր համակիրների ֆեյքերով կազմավորված իրականությունը մի´ շփոթեք ռեալ իրականության հետ: Երբ որ գովազդի տակ դնում եք ձեր նյութերը և լայքեր հավաքում` կարծելով, թե դա ձեր էլեկտորատն է…: Եվ պետք չէ սեփական պարտությունը բարդել հաջողություն արձանագրած քաղաքական ուժերի և առաջին հերթին ժողովրդի վրա` ասելով, որ ժողովուրդը դերասան է, ժողովուրդը ծախված է և նա արժանի է այս իրավիճակին: Ժամանակ կա մինչև հաջորդ ընտրությունները, ֆեյսբուքյան վիրտուալ իրականությունից, լայքերից, ֆեյքերից, ֆեյք իրականությունից` վերադառնալու ռեալ իրականություն և հասկանալ, որ ֆեյսբուքում լայքերն ու բռավոները երբեք չեն տրանսֆորմացվում»: