ՄԵԾԱՐՄԱՆ ՋԵՐՄ ԵՐԵԿՈ, ՈՐ ՆՎԻՐԵՑԻՆ ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՅԻՆ

02/18/2009
Փետրվարի 17-ին Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի 80-ամյա հոբելյանը, ում գեղեցիկ ու հուզիչ այդ երեկոն նվիրել էր ՀԱՕԿ-ի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանը։ Հուզված էին բոլորը, իսկ օղակների արքան անկեղծորեն խոստովանեց, որ իր հուզմունքն անսահման եւ անափ է, եւ որ ինքը անգամ օլիմպիական բարձունքներ հաղթահարելիս այդքան չէր հուզվել, որքան հոբելյանական օրը։

Դահլիճը ծափողջյուններով ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը՝ նրա բարձր գնահատանքը սպորտի մեծ նվիրյալին։

«Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք Ալբերտ Ազարյանի նման անգերազանցելի վարպետ, ով մեր հայրենակիցն է։ Եւ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գնահատել եւ մեծարել մեր ազգի մեծերին, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։ Անհնարին ոչինչ չկա, եթե կա ուժ, կա ձգտում, աշխատանք, արդյունք եւ իհարկե՝ գնահատանք։ Ալբերտ Ազարյանը իր նվիրումով, իր աշխատանքով այդ ամենն իրականացրել է, եւ հիմա եկել է գնահատանքի պահը։ Ու մենք պետք է արժանավայել գնահատենք մեր մեծերին։ Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել հնարավոր չէ, միայն հարգանքով, ուշադրությամբ եւ հոգատար վերաբերմունքով։ Մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, դաստիարակենք այն ոգով, որ նրանք կարողանան գնահատել մեր մեծերի վաստակը,  սովորեն նրանցից եւ փորձեն գերազանցել իրենց նախորդների արդյունքները»,-իր խոսքում ասաց ՀԱՕԿ-ի նախագահը՝ մեծ վարպետին մաղթելով երկար տարիների կյանք, անկոտրում աշխատունակություն եւ երիտասարդական կորով։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օղակների մեծ արքային շնորհեց նաեւ ՀԱՕԿ-ի բարձրագույն «Տրդատ Մեծ» մեդալը, ու նաեւ «Ջիփ» ավտոմեքենա։