Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մեր դիրքորոշումը պետք է կոշտացնել. Նաիրա Զոհրաբյան

05/09/2016

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մեր դիրքորոշումը պետք է կոշտացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը:

«Արցախի անկախության ճանաչումն ընդամենը 3 րոպեի հարց է, բայց պետք է հասկանանք, թե այս փուլում անկախության ճանաչումն ինչ է տալու մեզ: Եթե դա մնացել է մեր միակ ոսկե փամփուշտը, որը մենք պետք է օգտագործենք հիմա, կօգտագործենք այս պահին: Եվ եթե դրան հետեւելու է շքերթը Արցախի միջազգային ճանաչման, ուրեմն ես հենց հիմա կոչ կանեմ հրավիրել արտահերթ նիստ եւ ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ կարեւորը ճիշտ պահին մեր ոսկե հնարավորությունը ճիշտ օգտագործելն է: Մեր դիրքորոշումն այս հարցին անպայման պետք է կոշտացնենք, նաեւ պետք է ավելի կոշտ խոսենք միջազգային հանրության եւ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության քար լռությունն ու լղոզված հայտարարություններն են ադրբեջանական ագրեսիայի պատճառը: «Այն ժամանակ, երբ Ալիեւն իր ռազմամթերքի հերթական ֆոտոսեսիան էր կազմակերպել եւ սպառնում էր պատերազմով, միջազգային հանրությունը լռում էր»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք նպատակահարմար չեն համարում այս պահին բանակցությունների մասին խոսելը:

«Ինչի՞ մասին խոսել ագրեսորի հետ: Երբ միջազգային հանրությունը հստակ գնահատական տա Ադրբեջանի ագրեսիային եւ Մինսկի խումբն էլ կողմերի միջեւ հավասարություն դնող հասցեական հայտարարություններ անի, գոնե դրանով նվազագույն վստահության մթնոլորտ ապահովի, այդ ժամանակ կարելի է վերսկսել բանակցությունները»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաեւ, որ ԲՀԿ-ն բանակի, Ղարաբաղի հարցում իշխանությունների կողքին է: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում երբեւէ եղել է կուսակցություն, որը Ղարաբաղի հարցի դեմ ինչ-որ քաղաքականություն է վարել: Մեր բազմաթիվ կուսակիցներ այսօր առաջնագծում են, եւ սա այն հարցն է, որտեղ քաղաքական խժդժություններ մտցնելն առնվազն անբարեկիրթ կլինի»,- ասաց նա: