ՀՕՊ համաձայնագրով ստանում ենք լրացուցիչ ռեսուրս՝ օգտագործելու ՀՀ-ում ռուսական բազայի ներուժը. Զոհրաբյան

06/28/2016

 

Ազգային ժողովի դիմաց ՀՕՊ համաձայնագրի դեմ բողոքող քաղաքացիների մասը բարեխիղճ մոլորության մեջ է՝ կարծելով, որ մենք մեր անկախությունն ենք վաճառում Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Պարոն Նազարյան, պետք էր այդ մարդկանց ասել, որ մենք ստանում ենք լրացուցիչ ռեսուրս՝ օգտագործելու Հայաստանում տեղակայված ռուսական բազայի, այդ թվում կործանիչ ավիացիայի ներուժը: Կան մարդիկ, որոնք այս պարզ իրողությունը չեն հասկանում, որովհետեւ թերեւս լավ չենք բացատրել նրանց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին:

Արա Նազարյանը պատասխանեց, որ բարեխիղճ մոլորության մեջ գտնվողներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ որեւէ մտահոգիչ խնդիր չի կարող առաջանալ Հայաստանի անվտանգության համար:

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

 

http://news.am/arm/news/334480.html