Հպարտ եմ, որ մեր երկրում ապրում են երիտասարդներ, որոնք քաղաքական և հասարակական գործընթացների դեպքում ոչ միայն դիտորդի դերում են, այլև դրանց ակտիվ մասնակիցն են դառնում. Վահե Էնֆիաջյան

08/12/2016

Վերջին շրջանում հասարակական լայն արձագանք ունեցող երևույթներին զուգահեռ պետք է հիշել և կարևորել, որ այսօր Երիտասարդների միջազգային օրն է: Հպարտ եմ, որ մեր երկրում ապրում են երիտասարդներ, որոնք քաղաքական և հասարակական գործընթացների դեպքում ոչ միայն դիտորդի դերում են, այլև դրանց ակտիվ մասնակիցն են դառնում, իսկ որոշ դեպքերում նաև՝ նախաձեռնողը: Երիտասարդության դերն ու հասարակության կյանքում նրա զբաղեցրած տեղն անգերազանցելի է, իսկ ընթացող բազում գործընթացներում երիտասարդության հետաքրքրությունն անհամեմատ աճել է: Երիտասարդն ամենադինամիկ շերտն է, ամենաաշխատունակն ու կրեատիվը, որը մեծագույն ազդեցություն է ունենում պետական կառավարման որոշակի գործընթացներում: Մեր երիտասարդները պատրաստ են անքուն գիշերներ լուսացնել Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, քաղաքապետարանի մերձակա տարածքում և, առհասարակ, ցանկացած տեղ, որտեղ հասարակությունն ունի նրանց կարիքը: Մերօրյա երիտասարդը գիտակցում է հասարակության կյանքում իր կարևորության արժեքը: Երիտասարդի մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքացիական ակտիվիստի առաջամարտիկի կարգավիճակով և պետական երիտասարդական քաղաքականության սպառողը լինելով, այլ՝ անձամբ որոշ դեպքերում պետք է լինի դրա նախաձեռնողն ու անմիջական որոշումներ կայացնողը: Թող որ երիտասարդների ստացած փորձը, գիտելիքները, հմտությունները ծառայեն միմիայն մեր ժողովրդին ու մեր պետությանը և միայն այդ պարագայում է, որ նրանց ամբողջ գործունեությունն ու կատարված աշխատանքը կլինեն արդարացված:   Շնորհավորում եմ բոլորիս՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:  

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»

խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան 

 http://www.aravot.am/2016/08/12/725770/