ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ 8-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԻՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

02/23/2009
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծապես խրախուսում է հանրապետական և միջազգային մրցումներում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին: Կլեմոն Ֆերանում (Ֆրանսիա) կայացած Աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցումներում երրորդ տեղը զբաղեցրած հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նույնպես խրախուսանքի արժանացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից:

Հայաստանի դրոշի ներքո հանդես էին գալիս Շավիղ Գրիգորյանը, Արտակ Հարությունյանը, Սասուն Ղամբարյանը, Խոսրով Մելիքյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանը, Արման Գեղամյանը և Յուրի Պատրիկեևը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ:  Ըմբիշների մեր ընտրանին իր վարկանիշով 8-րդն էր, սակայն միասնական պայքարի և համատեղ ջանքերի շնորհիվ մեր հավաքականը ութը լավագույնների շարքում զբաղեցրեց 3-րդ տեղը:

Այս աննախադեպ հաջողությունը չէր կարող վրիպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից: Չնայած ուշ ժամին «Զվարթնոց» օդանավակայանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը առաջինը դիմավորեց Ֆրանսիայից մեդալներով վերադարձած հայ մարզիկներին:

«Ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր մենամարտերին, մենք միշտ հաղթելու ենք. այդ ուղղությամբ տարվող քայլերն արդեն նկատելի են թե Հայաստանում, թե ողջ աշխարհում: Այն, ինչ ժամանակին կորցրել ենք, այժմ հետ ենք բերում: Ես ողջունում եմ հաղթանակով վերադարձած մեր մարզիկներին, զգում եմ, որ նրանց մեջ արդեն կա ոգևորություն: Նրանք պայքարում են և հերթական անգամ ցուցադրում են ողջ աշխարհին իրենց բազկի ուժը: Անհնարին ոչինչ չկա, կարևորն է ցանկությունը, ձգտումը, կամքը, աշխատանքը և արդյունքը: Մարզիկները առաջնորդվում են այս սկզբունքով, մենք էլ պետք է գնահատենք նրանց աշխատանքը»,- լրագրողներին տեղեկացրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարները Ֆրանսիական մրցագորգից բրոնզե մեդալներով վերադարձած մարզիկներին և մարզիչներին 3000 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարգևներ են շնորհելու: