ՀՀ ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12/12/2008
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր մտահոգությունն հայտնում Վրաստանում Սուրբ Նորաշեն եկեղեցու և նրա հարակից տարածքի նկատմամբ ոտնձգության փաստի կապակցությամբ:

Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում նոր չէ, սակայն այսօր այն, ինչ կատարվում է Վրաստանում հայկական եկեղեցիների հանդեպ, ուղղակի անընդունելի եւ դատապարտելի է, եւ իրադարձություների նման զարգացումը կարող է հանգեցնել “անկանխատեսելի հետեւանքների”: Ոտնձգությունները հերթական հայկական եկեղեցու՝ Նորաշենի նկատմամբ ապացուցում է պաշտոնական Թբիլիսիի ոչ բարեհաճ վերաբերմունքը հայ ժողովրդի էթնոմշակութային և հոգևոր հուշարձանների նկատմամբ: Վրաստանի կառավարությունը միջազգային հանրության առջեւ պարտավորվել է՝ կառուցել ժողովրդավարական պետություն, սակայն անհրաժեշտ քաղաքական կամք չի ցուցաբերում իր երկրի ազգությամբ հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք հետեւողական ենք լինելու մեր ազգային սեփականություն հանդիսացող պատմամշակութային կոթողների պահպանման հարցում` որ պետության տարածքում էլ որ դրանք գտնվեն, չհանդուրժելով որեւէ ոտնձգություն մեր կրոնական արժանապատվության նկատմամբ։ Ուստի այսօր ստիպված ենք արձանագրել, որ Վրաստանում փաստորեն առկա են կրոնական և ազգային խտրականության դրսեւորումներ։ Տպավորությունն այնպիսին է, որ վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան Սուրբ Նորաշեն եկեղեցին յուրացնելը, որքան նմանօրինակ մեթոդներով հոգեբարոյական ճնշման ենթարկելը Վրաստանի հայությանը, ինչը ուղղակի անհանդուրժելի է։

Ուստի, կոչ ենք անում Վրաստանի քաղաքական և հոգևոր իշխանություններին` դրսևորել ազգային պետության վերնախավին հարիր կեցվածք, նեցուկ կանգնել վրացահայությանն ու նրա արդարացի պահանջներին, եւ իրականացնել հնարավոր բոլոր միջոցները` Սուրբ Նորաշեն եկեղեցու հանդեպ կիրառվող ապօրինությունները կանխելու համար։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Վրաստանում հայկակական եկեղեցիների հարցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում մեր փորձագետները կլինեն Վրաստանում՝ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար։

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ - «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԺ խմբակցություն