ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

09/15/2009
Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ այցելեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հյուրերին դիմավորեց ինստիտուտի ռեկտոր Վարհամ Առաքելյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Ա. Չարչօղլյանի անվան գիտական խորհրդի նիստերի դահլիճը, որի վերանորոգումը իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Դահլիճում  կայացավ հանդիպում ինստիտուտի  դասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

Ելույթ ունեցավ ՀԱՕԿ նախագահ, ինստիտուտի Կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, ես ուրախ եմ, որ այսօր հնարավորություն է ստեղծվել հանդիպել ձեզ և միասին քննարկել հայկական սպորտի և, մասնավորապես, ձեր ինստիտուտի դերակատարումն ու ապագա անելիքները: Ես ողջունում եմ ձեր հեղինակային կոլեկտիվին, որին հաջողվել է առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ ստեղծել ֆիզիկական կուլտուրայի դասագիրք` նախատեսված 2-րդ դասարանի երեխաների համար»,-ելույթում նշեց պրն. Ծառուկյանը: Ներկաներին ողջունեց նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

ՀԱՕԿ նախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս, հասարակական-քաղաքական ակնառու գործիչ Ֆադեյ Սարգսյանին պարգևատրեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով՝ ոսկե շղթայով:

Այնուհետև  տեղի ունենավ «ֆիզիկական կուլտուրա» 2-րդ դասարանի դասագրքի շնորհանդեսը: Դասագրքի հեղինակային կոլեկտիվին Գագիկ Ծառուկյանը տրամադրեց 3 մլն դրամ, իսկ ինստիտուտին՝ միկրոավտոբուս:

Միջազգային կոնֆերանսների և սիմպոզիումների անցկացման համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի և կկահավորվի մեկ լսարան: