ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

10/20/2009
Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ավարտվեց ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ փայլուն հաջողության հասավ Հայաստանի հավաքականը` թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը: Այս մրցաշարում հայ վարպետները նվաճեցին ամենաշատ մեդալները՝ թիմային պայքարում իրենց հետևում թողնելով այնպիսի ուժեղ հավաքականների, ինչպիսիք են Ռուսաստանի, Թուրքիայի, Լեհաստանի և Ուկրաինայի հավաքական թիմերը:
    
Երկամարտի վերջնարդյունքում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը, 77 կգ քաշային Աղասի Աղասյանն ու գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Արծաթե մեդալներով հայրենիք վերադարձավ 85կգ քաշային կարգում հանդես եկող Աղվան Մելիքյանը: Իսկ 62կգ քաշային Վանիկ Ավետիսյանն էլ երկամարտի վերջնարդյունքում գրավեց երրորդ տեղը:
    
Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի հավաքականին դիմավորելու էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բարձր գնահատելով հայ ծանրորդների մրցելույթները Եվրոպայի առաջնությունում՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Շնորհավորում եմ ձեզ, սիրելի ծանրորդներ, ձեր տարած փայլուն հաղթանակի համար: Դուք կարողացաք եվրոպական հարթակում երեք անգամ հնչեցնել Հայաստանի օրհներգը  և առնվազն 6 անգամ վեր բարձրացնել հայկական եռագույնը: Դա, իսկապես, մեծ ձեռքբերում է հայկական սպորտի համար: Արդյունքները ոգևորող են, ապագայի ակնկալիքները` շատ: Մեր տղաների վերջնական նպատակը մեկն է` Լոնդոնի 2012թ-ի օլիմպիական խաղերին նվաճել ոսկե մեդալ»,- Գագիկ Ծառուկյանը հատուկ ոգևորությամբ շնորհավորեց մեր գերծանրքաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է լինելու:
    
Հայաստանի ծանրամարտի հավաքականի 8 անդամներից 7-ը Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեդալներ: Առջևում  Հայաստանի հավաքականիին սպասվում է ավելի պատասխանատու ստուգատես. նոյեմբերին Հարավային Կորեայում մեկնարկելու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որից Հայաստանի ծանրամարտի հավաքականի ղեկավարության սպասումները մեծ են: