ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ.«ՆԱԽՔԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼԸ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»
Սոչիում գտնվող Ալեքսանդր Կարելինի անվան «Վեսնա» հանգստավայր-մարզահամալիրում ստեղծված են բոլոր պայմանները, առկա է ողջ ենթակառուցվածքը, որոնք անհրաժեշտ են օլիմպիական խաղերին, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու համար: Նախորդ տարի «Վեսնա» մարզահամալիրում հյուրընկալել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու դյուդոյի հայ վարպետներին: Այս տարի ապրիլին հայ ներկայացուցիչները վերադարձան երկու մեդալով:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Վեսնա» համալիրի միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների համատեղ մարզումները մշտական բնույթ են կրելու: Պայմանագրի կնքման առիթով ՀԱՕԿ նախագահը հուշանվերներ հանձնեց ՌԴ պատգամավոր, եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինին և «Վեսնա» համալիրի տնօրեն Ռուբեն Թաթուլյանին:
«Վեսնա» մարզահամալիրը իր հագեցվածությամբ նմանը չունի: Այստեղ բոլոր պայմաններն առկա են մեր մարզիկների պարապմունքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Նախքան արդյունքներ պահանջելը մեր մարզիկներին պետք է ապահովենք լավագույն պայմաններով»,- մամլո ասուլիսում նշեց Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Կարելինը աշնանը ժամանելու է Հայաստան: