ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ՝ «ՎԱՏԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿ ՉԻ ՄՏՆԻ»

03/26/2009
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատրյանը, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման և անցկացման թեմայով: Հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովներին հանձնարարվել է հետևողական աշխատանք կատարել՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը բանակ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու զորակոչի ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործում: Հարություն Քուշկյանն ընդգծել է, որ հանձնաժողովներում ներգրավված յուրաքանչյուր բժիշկ պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործին՝ պատասխանատվություն կրելով իր կողմից տրվող ախտորոշման համար:

Խորհրդակցության ընթացքում առաջարկների թվում էր երկուստեք վերահսկողություն սահմանել բժշկական հանձնաժողովների նկատմամբ, ինչը կնպաստի զորակոչի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն: