Հանրային համերաշխություն և քաղաքացիական նոր համակեցություն

06/02/2026

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում, ներքին համերաշխությունը ստանում է նոր, կենսական կարևորություն։
☑️Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող գործոն՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների,
☑️Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափարը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում,
☑️Ներքին համերաշխության և արդար պետության վերականգնումը պիտի ուղենշային լինի Հայաստանի համար։ Ներքին ցնցումներից, հասարակական պառակտումից զերծ մնալը, հանրային, քաղաքացիական համերաշխությունը պիտի դրվեն պետության զարգացման հիմքում։ Պետությունն իր ստեղծարար ջանքը պիտի ներդնի իրական ներքին հաշտության և ներքին խաղաղության ամրապնդման համար,
☑️Արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտները պիտի գործեն հանրային համերաշխության տրամաբանության մեջ։ Պետությունը պիտի մտածված, համակարգված քայլեր կիրառի՝ ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ,
☑️Քաղաքացիական ազատությունները, ազատ կամարտահայտումը, քաղաքացու ստեղծագործական ազատությունը, իրավունքների իրական պաշտպանությունը պետք է դրվեն պետության զարգացման առանցքում։