ՀԱՆԴՒՊՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

05/22/2009
Մայիսի 22-ին մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերի հանդիպումը  Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ:

Ազատամարտիկների այգում հավաքված բազմահազար երևանցիների առջև ելույթ ունեցան և կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Արամ Սաֆարյանը և այլոք:

Նուբարաշենում և Էրեբունիում բնակվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցների առջև ելույթ ունեցավ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Խոսելով մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրների մասին՝ պրն. Քուշկյանը նշեց, որ դրանց հաղթահարման գրավականներից մեկն էլ պետք է լինի քաղաքապետարանի թափանցիկ աշխատաոճը: «Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի ծառայությունները պետք է լինեն առավելագույնս հասանելի. քաղաքացին պետք է կարողանա մեկ այցելության ընթացքում ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները»,-ելույթում նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն:

Հասարակության ուշադրության կենտրոնում էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը: ԲՀԿ նախագահը նույնպես անդրադարձավ քաղաքապետարանի և երևանաբնակների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: «Համատիրությունները պետք է շրջվեն դեպի բնակիչը, լավատեղյակ լինեն տարածքում բնակվող բազմազավակ եւ միայնակ մայրերի, ծերերի եւ երեխաների, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին: Համատիրությունը պետք է աջակցի մեր համաքաղաքացիներին, այլ ոչ թե իր միակ պարտականությունը համարի տարատեսակ վարձավճարների հավաքումը»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կայանալու է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակչության հետ՝ Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ: