ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՌՈԳԵԻ ՀԵՏ

09/07/2009
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հրավերով մեկօրյա պաշտոնական այցով մեկնել են Շվեյցարիա։

Հանդիպման ընթացքում ՄՕԿ նախագահը բարձր է գնահատել մեր երկրում Գագիկ Ծառուկյանի ջանքերով օլիմպիական գաղափարների տարածմանը միտված աշխատանքները եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում սպորտի տարածման եւ զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների համար։ Ժակ Ռոգեն նշել է, որ Հայաստանն իր հաստատուն եւ արժանապատիվ տեղն է զբաղեցրել համաշխարհային մարզական ընտանիքում, և Հայաստանում սպորտի զարգացման վկայությունը 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական խաղերից հայ 6 մարզիկների՝ օլիմպիական մեդալներով վերադարձն է։

Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ–բնակարանում հայրենական սպորտի ղեկավարները հանդիպել են նաեւ ՄՕԿ—ի ազգային օլիմպիական կոմիտեների գործունեությունը համակարգող դեպարտամենտի ղեկավարին, ինչպես նաեւ ՄՕԿ—ի համերաշխության ծրագրի ղեկավարին, նրանց հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։






Որոշում է կայացվել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստն ու ՄՕԿ-ի ասամբլեան Հայաստանում անցկացնել։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նաեւ 2018թ. երիտասարդական օլիմպիական փառատոնը Հայաստանում կազմակերպելու հայտ ներկայացնել, քանի որ Հայաստանն արդեն մի շարք միջազգային խոշոր մրցաշարեր բարձր մակարդակով կազմակերպելու հարուստ փորձ ունի։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործուն մասնակցությամբ Հայաստանը լուրջ հայտ է ներկայացնում միջազգային օլիմպիական շարժման գործում ակտիվ դերակատարում ստանձնելու ուղղությամբ։