ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՀԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱԿՏԻՎԻ ՀԵՏ
05/05/2009
Մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ինչպես նաև ԲՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ հանդիպեցին Կենտրոն համայնքի բնակչությանը և կուսակցական ակտիվին: «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման նպատակն էր Կենտրոն համայնքի բնակիչներին ԲՀԿ նախնտրական ծրագիրը ներկայացնելը, ԲՀԿ Կենտրոն համայնքի տարածքային խորհրդի գործունեությանը տեղեկանալը:
Ելույթ ունեցավ ԲՀԿ Կենտրոն համայնքի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Խանդանյանը: Ողջույնի խոսքից հետո պրն. Խանդանյանը ներկայացրեց կուսակցության Կենտրոն համայնքի տարածքային խորհրդի գործունեությունը: «Մեր ակտիվիստները չեն սահմանափակվում միայն քաղաքացիներին ԲՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնող թռուցիկների բաժանումով, նրանք ներկայացնում են, թե ինչ ծրագրեր է իրականացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի բարեկարգման ուղղությամբ»,-նշեց պրն. Խանդանյանը:
Ներկաներին կոչով դիմեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը: «Սիրելի երևանցիներ, մենք պետք է բարեկարգենք մեր մայրաքաղաքը, այդ նպատակին ծառայելու համար է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը: Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ նպատակ, պետք է վերականգնենք մեր քաղաքի սիրտն ու ոգին և այդ ուղղությամբ տանենք լուրջ աշխատանք»,-տեղեկացրեց պրն Քուշկյանը:
Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Բոլորս գիտենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Հարություն Քուշկյանը, մենք վստահ ենք, որ նա կարող է գերազանց իրականացնել այն պարտականությունները, որոնք ստանձնում է: Մենք ներկայացնում ենք Երևանի զարգացման համալիր ծրագիր, որի հիմքում նաև ձեզանից ստացված առաջարկություններն ու խորհուրդներն են»,- ելույթում նշեց ԲՀԿ նախագահը: Եզրափակելով հանդիպումը՝ պրն Ծառուկյանն առաջարկեց մայրաքաղաքի բարօրության համար պայքարել միասնական ուժերով և համախմբված: