Հանդիպում ԲՀԿ խմբակցությունում
Հունիսի 10-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ:
Հանդիպման ընթացքում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը երկրի ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաեւ փետրվարյան ներքաղաքական իրադարձություններին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ իրենց քաղաքական օրակարգը չի փոխվել, երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ, եւ անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն համախմբում` երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում նախանշված սահմանադրական փոփոխություններին: Այս համատեքստում ԲՀԿ-ն ներկայացրել է իր մոտեցումը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը՝ որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ներկայացրել է ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները: