ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

05/03/2009
Մայիսի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Արաբկիր համայնքի բազմահազար բնակիչների հետ: Միջոցառման նպատակը արաբկիրցիներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրին ծանոթացնելն էր:

Ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ ընտրական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Մխիթար Մնացականյանը, ԲՀԿ կենտրոնական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանը, ինչպես նաև կուսակցությանն աջակցող, հասարակության շրջանում մեծ հեղինակություն վայելող մշակույթի և սպորտի գործիչներ:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար: Ելույթում պրն. Քուշկյանը նշեց այն առաջնահերթությունները, որ պատրաստվում է կուսակցությունն իրականացնել մայրաքաղաքում, ամփոփ ներկայացրեց նաև ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Վստահեք ու պահանջեք,
-սա է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանի կոչը արաբկիրցիներին:

Արաբկիր համայնքի բնակչությանը ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի արաբկիրցիներ, Հարություն Քուշկյանը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը: Մենք վստահ ենք, որ մեր առաջարկած ծրագիրը և Հարություն Քուշկյանի գլխավորությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ թիմը կարող են Երևանը դարձնել ավելի բարգավաճ և բարեկեցիկ մայրաքաղաք»,
-ներկաներին կոչով դիմեց ԲՀԿ նախագահը:

Արաբկիրցիների հետ հանդիպմանը հաջորդեց համերգային ծրագիր հայ երգիչների մասնակցությամբ: