Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

10/16/2015

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի ու հյուպատոս Ադրիանա Տրոտտայի հետ: 

Կարեւորելով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացումը՝ Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների գործադրած ջանքերի շնորհիվ տնտեսական հարաբերությունները եւս կկարողանան արձանագրել բարձր ցուցանիշներ: 

Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում «Ադրբեջանի գրավյալ տարածքների հարցը օրակարգ մտցնելու մասին», «ՎՈՒԱՄ երկրներում սառեցված հակամարտություններ» եւ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւերի հարցում Արգենտինայի ձեռնպահ դիրքորոշման համար: Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել, որ Արգենտինան համահեղինակել է Հայաստանի Հանրապետության կողմից 2013 եւ 2015 թթ. Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած եւ հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ապրիլի 24-ը Արգենտինայում նշվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանն արժեւորել է Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված մոտ երկու տասնյակ հուշակոթողների տեղադրումը: 

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել արդյունավետ գործադրելու հնարավորությունը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն գործիք է եւ պետք է այն առավել արդյունավետ օգտագործել: Նրա խոսքով՝ այնտեղ, ուր պաշտոնական դիվանագիտությունը կարող է լինել կաշկանդված, խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն կարող է աշխատել: Տիկին Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանների միջեւ հարաբերությունները ոչ թե պետք է արարողակարգային փոխայցերի բնույթ կրեն, այլ պետք է միտված լինեն փոխադարձ ծրագրերի իրականացմանը: Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ կքննարկվեն միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու խորացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: 

Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ՀՀ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: