Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

06/11/2015

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Հանս Հորբախի եւ Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետ Դաֆնե Բերգսմայի հետ:

Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետն ու դեսպանը հետաքրքրված էին Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգով՝ ներկայացնելով նաեւ իրենց մոտեցումները։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց հիմնահարցերի այն համախումբը, որը ձեւավորելու է ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթուղթը: Նաիրա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ այդպես էլ չնախաստորագրված Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոմպոնենտն իր հիմնական բաղադրիչներով ներառված կինի նոր փաստաթղթում: Խոսելով համաձայնագրի տնտեսական բաղադրիչներից՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ, իհարկե, այն չի կարող ընդգրկվել այն ողջ ծավալով, ինչը ենթադրում էր Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հայաստանի ապրանքաշրջանառության կեսն իրականացվում է Եվրամիության հետ՝ նոր իրավական փաստաթուղթը, ըստ հանձնաժողովի նախագահի, կունենա տնտեսական լայն բաղադրիչ՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միության առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորություններին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացումը արգելակող խնդիրները՝ մասնավորապես տնտեսության ստվերայնության եւ մենաշնորհների հետ կապված, ինչը էապես ազդում է ներդրումների ծավալի վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կանանց հանդեպ բռնության եւ կրոնական համայնքների հետ կապված խնդիրներին: Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետ Դաֆնե Բերգսմանը եւ դեսպանն իրենց օժանդակությունն են առաջարկել հայկական կողմին՝ կանանց հանդեպ բռնության, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ հանրակրթական դպրոցներում դասընթացներ կազմակերպելու հարցում: Կողմերը պայմանավորվել են խնդիրը քննարկել նաեւ ՀՀ գիտության եւ կրթության նախարարի հետ՝ հանրակրթական դպրոցներում նման դասընթացներ ներառելու համար։

Կողմերը քննարկել են նաեւ սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: