Հանգուցյալի հուղարկավորության ծախսերի համար տրվող 200.000 դրամը երբեմն ուշանում է. ԲՀԿ պատգամավոր
2014 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը փոխանցեց քաղաքացիների ահազանգերը, որոնք վերաբերում են հանգուցյալի հուղարկավորության ծախսերը հոգալու համար տրամադրվող 200.000 դրամին:
«Քաղաքացիների կողմից ահազանգեր ենք ստանում, որ դեպքեր են պատահում, որ այդ գումարները ուշանում են, ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկներ։ Ո՞վ է վերահսկում այդ գործընթացը, ի՞նչ ժամանակահատվածում պետք է մեր քաղաքացիները ստանան այդ գումարը»,-հարցրեց Բաբայանը:
Նա նաև հարցրեց, թե քանի ընտանիք է 2014-ին ստացել այդ գումարը:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այդ մասով հստակ համակարգ է գործում։ «Տվյալ ամսվա ընթացքում դիմումների պարագայում հաջորդ ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած վճարվելու են, բայց ներկայումս նաև փորձնական ծրագիր է իրականացվում բանկերի հետ, որը թույլ է տալիս երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարումը ապահովել բանկերի միջոցով»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ ծառայությունն իրեն արդարացնելու դեպքում կսկսեն կիրառել:
Նախարարը տեղեկացրեց, որ 2014-ին մոտ 24.600 ընտանիքի է տրամադրվել այդ գումարը: