ՀԱՅ -ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԼԻՑՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
04/12/2011
Ապրիլի 12-ին կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորեց նման բարձր մակարդակի փոխայցելությունները: «Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, այդ իսկ պատճառով Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Վստահ ենք, որ մեր կուսակցությունների միջև հաստատված ամուր կապերը մեծապես կնպաստեն նաև հայ-չինական միջպետական հարաբերությունների զարգացման գործին»,- նշեց ԲՀԿ նախագահը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան դեռևս 2008 թ. կայացած հանդիպմանը, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առավել խորացնել համագործակցությունը միջկուսակցական մակարդակներում, ինչպես նաև նախաձեռնել քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և ագրարային համագործակցությանը նպաստոող միջոցառումներ: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ միջկուսակցական հանդիպումներ, կազմակերպվել են հայ-չինական գործարար հարաբերությունների խորացմանը նպաստող համաժողովներ:
Լի Չանչունն իր հերթին նշեց, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն և մարդկային քաղաքակրթության մեջ մեծ ներդրում, և պետք է անել հնարավոր ամեն ինչ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման համար: «Պարոն Ծառուկյան, շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու և Ձեր հետ ևս մեկ անգամ հանդիպելու հնարավորության համար: Մեր նախորդ հանդիպումից հետո Դուք անասելի մեծ գործ եք արել հայ-չինական հարաբերությունների զարգացման ու բարելավման համար և վստահաբար կարող եմ ասել, որ մեր գործընկերային հարաբերությունները հիմա նոր փուլ են թևակոխել: Այսօր մեր այցի նպատակն է` նպաստել երկու երկրների իշխող կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը»,-նշեց չինացի բարձրաստիճան պաշտոնյան:
Լի Չանչունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրեց պատասխան պաշտոնական այցով հյուրընկալվել Չինաստանում: