ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ 500 ՄԻԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ

01/25/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ
Ծառուկյանի նախաձեռնությամբ բելառուսական արտադրության
գյուղատնտեսական տեխնիկա կներկրվի
Հայաստան: Տեխնիկան ինքնարժեքով ու տարաժամկետ վճարման պայմաններով կտրամադրվի գյուղացիներին: 

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Հայաստանի և Բելառուսի տարբեր բնագավառներում
փոխշահավետ համագործակցության շրջանակներում:







Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյանի անձնական ջերմ հարաբերությունների շնորհիվ արդեն իրականացվել են
մի շարք ծրագրեր: Դրանց  թվին է պատկանում «ԱրԲե»
հայ-բելառուսական  առևտրի տան բացումը: Հերթական այս նախաձեռնությունը
միտված է գյուղատնտեսության զարգացմանը:

Ըստ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի, պարոն Գագիկ Ծառուկյանի
հանձնարարությամբ կյանքի կոչված այս գաղափարը սեղմ ժամկետներում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում կտա իր դրական արդյունքները:

Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի գնահատմամբ հայ-բելառուսական
համագործակցության հիմքում ընկած է միայն լավագույն բելառուսական ապրանքատեսականին
հայ սպառողներին մատուցելու ցանկությունը: ««
Մուլտի Գրուպ» կոնցեռնի հերթական այս նախաձեռնությունը իսկական նվեր է գյուղատնտեսությամբ
զբաղվող մարդկանց համար» , - նշեց դեսպանը:
 

Հարկ է նշել, որ բելառուսական արտադրության տրակտորները և գյուղտեխնիկան շուկայում համարվում են լավագույներից, և գարնանացանի նախաշեմին նմանատիպ աջակցությունը գյուղացու համար խիստ արդիական է: Ինքնարժեքով, տարաժամկետ վճարմամբ և 0% տոկոսադրույքով բելառուսական արտադրության տրակտորները ձեռքբերել ցանկացողները կարող են դիմել «ԱրԲե» հայ-բելառուսական  առևտրի կենտրոն: