ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԵԳԻՈՆՆԵՐԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

12/21/2008
ԲՀԿ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային-միջկուսակցական համագործակցության ոլորտում։ Դեկտեմբերի 19-21-ը Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով Կիեւում էր գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը։


Դեկտեմբերի 19-ին Կիևում «Բարգավաճ Հայաստան» և «Ուկրաինայի Ռեգիոնների» կուսակցությունների միջև ստորագրվեց միջկուսակցական համագործակցության մասին համաձայնագիր:

Երկու կողմերը կարեւորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության ավանդական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ընդունելով բարեկամական և փոխշահավետ կապերի զարգացմումն ու արդիականությունը, միջկուսակցական համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն` նպաստել Հայաստանի եւ Ուկրաինայի միջև միջկուսակցական և միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Երկու կողմերը կարեւորում են նաեւ քաղաքական, սոցիալ–տնտեսական, գիտական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանն աջակցելն ու նպաստելը:

Կողմերը արտահայտել են իրենց պատրաստակամությունը` ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը և կանոնավոր կերպով փոխանակելու պատվիրակություններ, տեղեկատվություն ընթացիկ գործունեության և կուսակցական շինարարության փորձի մասին:

Ինչպես արձանագրված է համաձայնագրում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Ուկրաինայի Ռեգիոնների» կուսակցության ղեկավարները կարևոր են համարել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում, որտեղ ներկայացված են իրենց ներկայացուցիչները կամ պատվիրակությունները: Ցանկալի է նախապես քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը` միմյանց դիրքորոշումները համաձայնեցնելու և պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված փոխգործակցության ռազմավարությունը մշակելու նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է, որ հանդիպումների և խորհրդատվությունների ժամկետները, ինչպես նաև դրանց մակարդակն ու քննարկման դրվող հարցերը կողմերը կորոշեն նախապես:

Համաձայնագիրը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Ուկրաինայի Ռեգիոնների» կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել երկու կուսակցությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ուկրաինական խորհրդարանի պատգամավորներ:

Դեկտեմբերի 19-ին Կիևում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանն ու Վիկտոր Յանուկովիչը քննարկել են նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառած բացասական հետևանքները հնարավորինս նվազեցնելու խնդիրները: Բանակցությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Ուկրաինայի Ռեգիոնների» կուսակցության առաջնորդները որոշել են երկկողմ երկխոսության հետագա խորացման ուղիները` հայ–ուկրաինական կապերի ամրապնդման նպատակով: