ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝«ԱՇԽԱՏԱՆՔ, ԿԱՄՔ, ՁԳՏՈՒՄ»
Բակում չեմպիոններին էին սպասում տարբեր մակնիշների սպիտակ մեքենաներ։ Մեծարման երեկոն սկսվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառամյա գործունեության ֆիլմ-հաշվետվությունով։ Հնչեց ազգային օլիմպիական հիմնը, և բեմահարթակ հրավիրվեցին տարվա լավագույն մարզիկներն ու նրանց մարզիչները։
Դիմելով պարգևատրվող մարզիկներին ու մարզիչներին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն արձանագրեց, որ 2008 թվականը, իրոք, սպորտի համար հաջողության և հաղթանակի տարի էր։ «Ինձ թվում է՝ 2008 թվականը հայկական սպորտի պատմության մեջ ոսկե տառերով կգրվի, քանի որ մեր բոլոր սպասելիքները, ինչի որ ձգտում էինք, իհարկե, ոչ լիարժեք, բայց բավարար չափով կատարվեցին։ Հուսով եմ, որ սրանից հետո մեր հաղթանակներն ու մեդալներն ավելի ծանրակշիռ կլինեն»,- ասաց ԲՀԿ կուսակցության նախագահը։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ մեր մարզիկներն ու շախմատիստներն աշխարհին ապացուցեցին և ցույց տվեցին հայ ժողովրդի ինչպես բազկի, այնպես էլ մտքի ուժը։ Նշանակալի է նաև շուրջ երկու տասնյակ տարվա ընդմիջումից հետո բռնցքամարտիկների ունեցած հաջողությունը՝ Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալ։ «Հիմքը դրված է, եթե կա ցանկություն, աշխատանք, կամք, ձգտում, ուրեմն անհնարին ոչինչ չկա»,– համոզմունք հայտնեց ԲՀԿ նախագահը՝ ավելացնելով, որ Լոնդոնում տեղի ունենալիք օլիմպիական խաղերին ակնկալում են փոխել մեդալների գույնն ու ավելացնել դրանց թիվը։
2008թ. օգոստոսին Պեկինում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերի 6 բրոնզե մեդալակիրները՝ ծանրորդներ Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, հունա–հռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեեվը, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը ստացան պարգևները՝ 10 միլիոնական դրամ և «Հյունդայի» մակնիշի մեքենաներ։ Ամենամեծ պարգևին արժանացավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, ով արտասահմանյան մեքենայից զատ ստացավ 20 միլիոն դրամ։ Հատկանշական է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր նվաճած մեդալների քանակով աշխարհում գրավել է երրորդ տեղը՝ Չինաստանից և Ռուսաստանից հետո։
Բացի գլխավոր մարզիչներից, առանց մեքենաների ու դրամական պարգևների չմնացին նաև մեր երկրին մեդալներ բերած մարզաձևերի՝ հունա–հռոմեական ոճի ըմբշամարտի, բռնցքամարտի և ծանրամարտի ազգային հավաքականների երկրորդ և անձնական մարզիչները։
Իմաստուն խաղի վարպետները՝ Դրեզդենյան 38-րդ շախմատային օլիմպիադայի հայ հինգ հերոսները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը ու նրանց մարզիչ Արշակ Պետրոսյանը՝ պարգևատրվեցին «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով։
Առանց գնահատանքի չմնացին նաև վերջերս Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներով վերադարձած մարզիկները: Ոսկե մեդալակիրներ Էդուարդ Համբարձումյանը և Հովհաննես Դանիելյանն առաջին նշանակալի հաղթանակի համար պարգևատրվեցին «ՎԱԶ 2107» մեքենաներով, արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը՝ մեկ միլիոն դրամով։