ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՀԿ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

02/15/2009
Կառավարության նիստերի  դահլիճում փետրվարի 12-ին տեղի ունեցավ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կոալիցիոն գործընկեր կուսակցությունների ու քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Համագումարին մասնակցում էին նաև արտերկրի մի շարք խոշորագույն կուսակցությունների պատվիրակություններ:




Համագումարի  սկզբում ներկաներին ողջունեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ ևս իրենց  ողջույնի խոսքը հղեցին ԲՀԿ համագումարի ժամանակ: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  ԱԺ Ժառանգություն խմբակցության  ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ողջունելով համագումարի մասնակիցներին նշեցին, որ կարճ  ժամանակահատվածում  «Բարգավաճ Հայաստանը» դարձել է 2-րդ քաղաքական ուժը:

Նախորդ մեկ տարվա  ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալել նաև միջազգային կապերի հաստատման ու ամրապնդման ոլորտում: Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Խորվաթիայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները ևս իրենց  ողջույնի խոսքը հղեցին ԲՀԿ-ին: Ելույթ  ունեցան «Եդինայա  Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար  Իգոր Չեռնիշենկոն,  Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար  Տյան Յունսյան, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» պատվիրակության ղեկավար  Ալեքսանդր Լավրինովիչը,  Խորվաթիայի նախագահի խորհրդական  Միրո Պիպիչը: Բանախոսները նշում էին, որ արդյունավետ են գնահատում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը և շարունակական փոխգործակցության հույս  հայտնում:

Ներկաներին իր  ողջույնի  խոսքը  հղեց  նաև կուսակցության նախագահ Գագիկ  Ծառուկյանը, ով նշեց , որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր հզոր, ազդեցիկ և վստահություն վայելող քաղաքական միավոր է, որի  թիկունքում հարյուր հազարավոր մարդիկ են կանգնած:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ներկայացրեցին գործադիր և օրենսդիր մարմիններում իրականացված աշխատանքները: Կուսակցության ծրագրի բազմաթիվ դրույթներ ներառված են կառավարության այս տարվա ծրագրում, իսկ 4-րդ գումարման Աժ աշխատանքներն այլևս անհնար է  պատկերացնել առանց ԲՀԿ պատգամավորների օրենսդրական բազմաթիվ նախաձեռնությունների,- նշեցին բանախոսները:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց կուսակցության երիտասարդական թևի ծավալած գործունեությունը, մասնավորապես  նշելով, որ շարունակական է եղել Գագիկ Ծառուկյանի` երիտասարդական ծրագրերի իրականացմանն ուղղված աջակցությունը:

ԲՀԿ քաղաքական խորհրդի  գործունեության հաշվետվությունը ներկայացրեց քաղխորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, որից հետո համագումարի պատվիրակները քվեարկությամբ բավարար գնահատեցին այն: Այնուհետ տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը: Միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը:

Համագումարի շրջանակներում ընտրվեց նաև նոր քաղաքական խորհուրդ` բաղկացած 90 անդամից, որից հետո քաղխորհուրդը համագումարին առաջարկեց ընդունել 2 հայտարարություն, որոնք  վերաբերում էին ԼՂՀ հակամարտությանը և ներքաղաքական վիճակին: Առջևում բուռն աշխատանքային շրջան է: Ունենալով նոր աշխարհաքաղաքական վիճակ, նոր մարտահրավերներ, բայց և նոր հորիզոններ, մենք  նոր թափով ենք  քարոզելու մեր գաղափարները, դրանք հասցնելով ժողովրդին: Այս  տողերով ամփոփվեց ԲՀԿ 4-րդ  համագումարը: