ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ կայացավ ՀՀ դափնեկիր մարզիկների և մարզիչների մեծարման տարեմուտի հանդիսությունը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և պաշտոնատար այլ անձիք:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ 2011թ.-ը սպասողական էր. մարզիկները պետք է խնայեին իրենց ուժերը 2012թ.-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ողջունեց և շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: ՀՀ նախագահը անձամբ դրամական պարգևներ հանձնեց մի շարք մարզիկներին, որոնց թվում էին Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և այլոք:
Հայաստանի 10 լավագույն մարզիկները և Եվրոպայի փոխչեմպիոն Արայիկ Միրզոյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվեցին ավտոմեքենաներով:
Բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը հայրենական սպորտի զարգացման գործում՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին հատուկ հուշանվերներ հանձնեց: