ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

11/17/2009

Նոյեմբերի 17-ին, ժամը 13:00-ին «Երևան» հյուրանոցում կայացավ «Երիտասարդական շունչ» հասարակական կազմակերպության, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացրած «Ուսանողությունն առանց ծխախոտի» էլեկտրոնային պաստառների մրցույթի արդյունքների ամփոփումը: Այսուհետ գործում է նաև www.nosmoking.am կայքը, որի շնորհանդեսը նույնպես մեկնարկեց «Երևան» հյուրանոցում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը և «Երիտասարդական շունչ» ՀԿ-ի նախագահ Համլետ Օհանյանը:


«Երիտասարդական շունչ» ՀԿ-ի նախագահ Համլետ Օհանյանը իր ելույթում նշեց, որ էլեկտրոնային պաստառների մրցույթի նպատակը երիտասարդներին ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկացնելն է, իսկ կայքում պարբերաբար փաստեր և նորություններ են տեղադրվում ծխախոտի և այն օգտագործողների առողջական խնդիրների մասին:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման կայքեր և տեղեկատվական միջավայրեր բազմաթիվ եվրոպական երկրներում արդեն գործում են: Կայքի միջոցով երիտասարդներին տեղեկություն տրամադրելը ավելի արդյունավետ է և օգտակար:

Միջոցառման մասնակիցները հրավիրվեցին նաև ներկա գտնվելու «Մոկվա» կինոթատրոնում կայանալիք Հայաստանի ուսանողական ֆորումի կողմից իրականացվող ֆոտոցուցահանդես-մրցույթին: