Ծառուկյան խմբակցության շնորհիվ՝ Սիլիկյան թաղամասի հարակից տարածքի ապօրինի աղբանոցը կվերացվի
Սիլիկյան թաղամասի բնակիչների ահազանով՝ երեկ գիշերը ժամը 02-ին ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին այցելել է թաղամասում գործող ապօրինի աղբավայր, որը դարձյալ այրվում էր՝ թունավոր ծուխը տարածելով հարակից բնակավայրեր: Ինչպես հայտնել է պատգամավորը , բնակիչներն աղբավայրի շուրջ օրեր շարունակ բարիկադներ են կազմել՝ թույլ չտալով, որ Սանիտեկն իր վարձակալած ԶԻԼ-երով աղբը թափի այնտեղ: Պատգամավորը հայտնել է, որ դիմել է թե՛ մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ քաղաքապետարան և իրեն խոստացել են, որ առավոտյան խնդիրը լուծված կլինի: Խոստման համաձայն՝ առավոտյան ժամը 8-ից աղբանոցում մեկնարկել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել է ԱԻՆ Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 10-ը մարտական հաշվարկ , Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և 10-ը ջրցան մեքենա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 48 փրկարար: Սիլիկյան թաղամասի բնակիչները Էպիկենտրոնի հետ զրույցում հայտնել են, որ շնորհիվ ԱԺ Ծառուկյան խմբակցության, տեղի բնակիչների և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետևողական ջանքերի, 20 տարի շարունակ գործող ապօրինի աղբավայրը վերջապես կվերացվի և իրենք կկարողանան ապրել մարդկային պայմաններում: