Խորհրդարանական ընտրությունները հրաշալի հնարավորություն են՝ սեկտանտ կուսակցություններից ազատվելու համար. Զոհրաբյան

06/27/2016

 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լրջագույն քննություն է լինելու Հայաստանի քաղաքական ուժերի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր նոնսենս է, որ Հայաստանի Հանրապետությունում 80 քաղաքական միավոր կա, որոնց գերակշռող մասը փոքրաթիվ սեկտաներ են: Շատ վայրագ, շատ ագրեսիվ սեկտաներ, որոնք կարծում են՝ միակ ճիշտ, միակ անփոխարինելին, անքննադատելին իրենք են, իսկ մնացածը՝ հաճախորդ են, պայմանավորվածությունների դաշտում են գործում: Սոցիալական ցանցերում ունեն իրենց սպասարկող փոքր խումբը եւ կարծում են՝ իրենց ճահճից այլ բան չեն տեսնում: Ըստ իս, քաղաքական դաշտի ամենավտանգավոր պահը հենց աղանդավորականացումն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները հրաշալի հնարավորություն են այդ սեկտանտ կուսակցություններից ազատվելու համար:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, թե խոսքը ՀՀԿ-ին է վերաբերում: Զոհրաբյանը հորդորեց չընդհատել իրեն:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

http://news.am/arm/news/334312.html