Խավիարակերներ Ագրամունտ-Իվինսկու զեկույցի իրական գինն ու արժեքը Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է. Ն. Զոհրաբյան

06/20/2015

Tert.am –ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած`«Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների» գործունեությանը վերաբերող զեկույցին անդրադառնալու են ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների կոնտեքստում, այլ նրա, որ այս ամենի արժեքն ու գինը ԵԽԽՎ հեղինակությունն է: «Եթե  ԵԽԽՎ-ն չգնա  դրան և այդ զեկույցը այդ տեսքով ընդունվի, ապա կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները  պետք է լրջագույնս խորհեն ԵԽ-ի հետ իրենց հետագա հարաբերությունների մասին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

- Հունիսի 22-ին մեկնարկում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը, հայտնի է, որ մեր պատվիրակությանը լրջագույն փորձություն է սպասվում, քանի որ քննարկվելու է Մոնիթորինգի  հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած`«Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների» գործունեությանը վերաբերող զեկույց, որտեղ մի քանի  հակահայ ու վտանգավոր ձևակերպումներ կան, որոնցից ամենավտանգավորը Ոուլթերի` « Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի  այլ  գրավյալ տարածքներում»  դեռևս չգրված զեկույցի  վերնագիրն է: Հայկական  պատվիրակությունը, որքանով տեղյակ եմ, անելու է հնարավորը` զեկույցից այդ ձևակերպումը հանելու համար: Ի՞նչ եք կարծում` կստացվի՞, թե ոչ, հատկապես, որ վերջին շրջանում մեղադրանքներ հնչեցին հայկակական պատվիրակության հասցեին, որ վատ է աշխատում:

- Մեղադրանք հնչեցնողների վերաբերյալ. ամենայն պատասխանատվությամբ Tert.am –ի ամբիոնից հայտարարում եմ. եթե խորհրդարանում կա մեկը, ով կարող է այսօրվա` Ադրբեջանի լիարժեք պատանդը դարձած Եվրոպայի խորհրդում աշխատել ավելի լավ, քան ներկայիս պատվիրակությունը, պատրաստ եմ «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով պատվիրակությունում իմ տեղը զիջել այդ` առավել արդյունավետ աշխատողին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ նաև` եթե անգամ մեր պատվիրակության ղեկավարը լինի Բժեզինկսին, իսկ պատվիրակության անդամներիցս յուրաքանչյուրը` Շառլ Դե Գոլը, այսօրվա ԵԽԽՎ-ում որևէ բան  հնարավոր չէ փոխել:

Եվ, հետևաբար, իրատես քաղաքական գործիչ լինելով` լրջագույն կասկածներ ունեմ, թե հնարավոր է այդ պարբերությունը զեկույցից հանել: Թեպետ մենք անելու ենք առավելագույնը: Իհարկե, աբսուրդ է, որ Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցում փոխանակ խոսվի Ադրբեջանում 80-ից ավելի  քաղբանտարկյալների մասին, որոնցից երկուսը ուղղակի մահամերձ են, փոխանակ խոսվի, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ  գերագույն նպատակ  է հռչակում հայերին ոչնչացնելը, այսինքն` հայտարարություններ, որոնք ուղղակի հակասում են ԵԽԽՎ արժեքներին, անդրադառնում են Ոուլթերի` դեռևս գոյություն չունեցող զեկույցի վերնագրին:

Մի գործչի, որն այլևս չի ընտրվել Մեծ Բրիտանիայում պատգամավոր և դեռևս շատ մեծ հարց է նման` դեռևս գոյություն չունեցող զեկույցի հեղինակը ո՞վ է լինելու: Այնպես որ, կարծում եմ` իրենց նպատակն այն է, որ ԵԽԽՎ-ն հերթական անգամ ընդունի մի բանաձև` կարևոր չէ` Ադրբեջանի՞ մասին, թե Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, որտեղ արձանագրված լինի Ադրբեջանի տարածքների «օկուպացիա»  ձևակերպումը: Սա կատարյալ զավեշտ է: Ուստի, միանալով Մարտին Շուլցի այն հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում, ես և իմ գործընկերները մեր ելույթներում Ագրամունտ–Իվիսնկի զեկույցի համատեքստում խոսելու ենք ոչ թե Ադրբեջանի մասին, այլ լրջագույն ահազանգ պիտի հնչեցնենք, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար կառույց, կործանվում է: Եվ փորձելու ենք  մոբիլիզացնել բոլոր միջազգային կառույցները, և ԵԽԽՎ-ում դեռևս Ալիևիի կողմից ամսավճար չստացող հատուկենտ պատգամավորներին, որովհետև հստակ տեղակատվություն կա, որ ԵԽԽՎ ավելի քան 80 պատգամավոր ամսական աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից:

Մենք պետք է կարողանանք այդ ուժերին մոբիլիզացնել` ԵԽ-ն փրկելու համար: Եվ մեր պատվիրակության անդամների  ելույթների կոնտեքստում ոչ թե Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն է լինելու, որովհետև քանի դեռ այնտեղ իշխանության Ալիևի կլանն է, այնտեղ ոչինչ փոխել հնարավոր չէ, այլ` Եվրոպայի խորհրդում ժողովրդավարությունը փրկելու հարցը: Եթե  ԵԽԽՎ-ն չգնա  դրան և այդ զեկույցը այդ տեսքով ընդունվի, ապա կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է լրջագույնս խորհեն ԵԽ-ի հետ իրենց հետագա հարաբերությունների մասին: Կրկնում եմ` խավիարակերներ Ագրամունտի և Իվինսկու զեկույցի իրական արժեքն ու գինը Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է, ինչը պարզ կդառնա երեքշաբթի երեկոյան: