ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ՈՐԵՎԷ ՈՒԺ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ»
01/20/2010
Այսօր «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը: 2010 թվականին կայացած առաջին մամլո ասուլիսին լրագրողներին հետաքրքրում էր Սահմանադրական դատարանի՝ Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եզրակացության, ինչպես նաև 2010 թվականին հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սպասվող զարգացումների շուրջ ԲՀԿ դիրքորոշումը:
Նախքան ասուլիսի մեկնարկը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակին հանձնեցին հավաստագիր, համաձայն որի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ճանաչվում է «2009 թվականի Հայաստանի Հանրապետությունում լավագույն քաղաքական գործիչ» ակտիվ պետական, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալելու համար:
Խաչիկ Գալստյանը նախ ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումը Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: «Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացքում Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված նախապայմանային հայտարարություները, համաձայն որի այն կապվում էր Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ, Թուրքիայի կողմից սխալ ռազմավարական քայլ է»,-նշում է պրն. Գալստյանը:
Ըստ մամլո խոսնակի, Թուրքիայի նման մոտեցումը լուրջ հնարավորություն և հիմք է տալիս Հայաստանի Հանրապետությանը էլ ավելի կարծրացնելու իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում, ինչն արդեն նկատելի է:
«Որևէ ուժ չի կարող պարտադրել Հայաստանի Հանրապետությանը միակողմանի զիջումների գնալ` Հայաստանի ազգային, պետական և կենսական նշանակություն ունեցող այնպիսի շահի հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հիմնահարցն է»,- նշում է բանախոսը:
Պրն. Գալստյանը, անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հիմնահարցի հետ, նշեց, որ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու հայաստանյան դիրքորոշումը` «այդ երկու գործընթացներն չափազանց բարդ են, որպեսզի այնպես փոխկապակցվեն, որ հնարավոր լինի երկուսից էլ դրական ելքերով դուրս գալ: Զուտ տեսական և ռազմավարական առումով դա սխալ է »,- հավելեց Պրն. Գալստյանը: