ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ.«ԲՀԿ-Ն ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»

06/18/2009
Հունիսի 18-ին լրագրողներին հանդիպեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Մամլո խոսնակին ուղղված հարցերը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ օրերս Բելառուս կատարած այցի մասին էին:
    
Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պրն. Գալստյանը նշեց, որ ԲՀԿ-ն իրեն ընձեռած հնարավորությունը օգտագործել է հնարավորինս արդյունավետ: Եղել են նաև թերացումներ, և կուսակցությունը հաջորդ ընտրություններում շտկելու է դրանք: Ինչ վերաբերում է Երևանի ավագանիում ԲՀԿ-ին տրված մանդատներին, պրն. Գալստյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հետևելու են կուսակցության սահմանած քաղաքական կուրսին:

«Ընտրովի պաշտոնների դեպքում աշխարհում ընդունված չէ մանդատները վայր դնել: Երևանցիները մեզ վստահել են: ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր քարոզարշավ չի իրականացրել: Եվ ընդդիմադիր կեցվածքի համար չէ, որ էլեկտորատը կանգնած է մեր կողքին: Հետեւաբար մեր քաղաքական պարտավորությունն է հետեւել մեր քաղաքական կուրսին»,- նկատեց պրն. Գալստյանը:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով օրերս Մինսկ կատարած այցին՝ պրն. Գալստյանը նշեց, որ ԲՀԿ նախագահի այցի նպատակը հայ-բելառուսական տնտեսական կապի խորացմանը ու տնտեսական ճգնաժամի պայմաններում նոր շուկաների ապահովմանը նպաստելն է: «Հունիսի վերջին սպասվում է նաև բելառուսական կառավարական և գործարար շրջանակների այցը Հայաստանի Հանրապետություն, ում հրավիրել է պրն. Ծառուկյանը: Երևանում հայ և բելառուս գործարարները կբանակցեն փոխշահավետ համաձայնագրերի ձեռքբերման շուրջ»,- նշեց պրն. Գալստյանը: