ԼՈՒՅՍ ՏԵՍԱՆ ԲՀԿ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԳՐՔԵՐԸ

02/11/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի նախօրեին լույս տեսան կուսակցության մատենաշարի առաջին երկու հրատարակությունները: Երկու գրքերն էլ բացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ընթերցողին ուղղված ուղղերձով:

Առաջին գիրքը պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վարուժան Պողոսյանի «1909 թ, հայկական ջարդերը Կիլիկիայում և ֆրանսիական պատմագրությունը» աշխատությունն է, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը:

Երկրորդ գիրքը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի «Եղեռնապատում ըստ Եղիշե Չարենցի» աշխատությունն է, որը հրատարակության է ներկայացրել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Ներածականի հեղինակն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

Փետրվարի 11-ին ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի կունենա մատենաշարի առաջին երկու հրատարակությունների շնորհանդեսը, որը վարելու է ԳԱԱ իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանը:
   
Հրատարակության է պատրաստվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մատենաշարի երրորդ գիրքը: Վերջինս լրագրող-իրանագետ Էմմա Բեգիջանյանի «Իրանական տեսակետներ և աղբյուրներ Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օգտին: Միաժամանակ կուսակցությունը հանդես է գալիս Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների կայուն հարաբերությունների հաստատման օգտին: