Լայն ֆորմատով գնում են բանակցություններ տարբեր ուժերի հետ. Զոհրաբյանը` Օհանյանի հետ համագործակցության մասին
Հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ շարունակվում են եւ այս պահին որեւէ անուն չեմ հրապարակելու: Այս մասին NEWS.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է համագործակցություն «Ծառուկյան» դաշինքի հետ:
«Քանի դեռ հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ ավարտված չեն, քանի դեռ տարբեր քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ հանդիպումները շարունակվում են, որեւէ անուն այս պահին ես չեմ հրապարակելու: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք լայն համագործակցության ընդդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնց հետ տեսնում ենք միասնական տեսլական եւ միասնական օրակարգ ձեւավորելու հնարավորություն: Թե այս քննարկումների արդյունքում այս կամ այն քաղաքական ուժի եւ գործչի հետ համագործակցությունն ինչ չափով կլինի` համագործակցություն մեկ միասնական դաշինքով, թե համագործակցություն ընտրատեղամասում` ընտրողի քվեն պաշտպանելու եւ ընտրակեղծարարությունը կանխելու համար, այս ամենի մասին դուք կիմանաք առաջիկայում»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ «Համախմբում» կուսակցությունում իրենց գործընկերներն են, իսկ Սեյրան Օհանյանին ինքը մեծ հարգանքով է վերաբերում, սակայն այս պահին ավելին ասել չի կարող. «Ես իրավասու էլ չեմ եւ անգամ ճիշտ չեմ համարում հրապարակելը, քանի դեռ լայն ֆորմատով գնում են բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ»:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ չի բացառվում համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ. «Հանդիպումներ եղել են, որոշակի զրուցել ենք առաջիկա նպատակների մասին: Այսօր յուրաքանչյուրը համախոհների իր թիմն է հավաքում, որպեսզի հետո տեսնենք, թե ինչ կարող է լինել: Ոչ մի բան չի բացառվում, աշխատանքներն ընթանում են»:
Համագործակցության մասին խոսել էր նաեւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: