Իշխանությունն ու ընդդիմությունը, կարծես թե, մոտ են ընտրացուցակների հրապարկման տարբերակի շուրջ համաձայնություն գալուն. Նաիրա Զոհրաբյան
Խորհրդարանական ընդդիմությունն ու Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներն այսօր առավոտից քննարկումներ են անցկացրել օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քննարկել են, այդ թվում՝ ընտրացուցակները հրապարակելու հարցը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քննարկմանը մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Քանի որ տեխնիկական պատճառներով, իսկ ես կարծում եմ նաև ձգձգելու պատճառով, «4+4+4» ֆորմատի միջև ձեռքբերված նախորդ համաձայնությունը չգործեց, իսկ խոսքը մատնահետքերի ներդրման, միասնական անձնագրով ընտրություններին քվեարկության մասնակցելու համակարգի ներդրման մասին էր: Բնականաբար, այս պահին, որպես ալտերնատիվ տարբերակ քննարկվում է ընտրական ցուցակների հրապարակումը, բայց դրան կից քրեական օրենսգրքում պատժաչափերի խստացումն այն անձանց նկատմամբ, ովքեր կքվեարկեն այլոց փոխարեն»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունն ու ընդդիմությունը վերջնական համաձայնության գան, ապա սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ԸՕ-ում համապատասխան փոփոխություններ կարվեն: «Կարծես թե մոտ ենք համաձայնության, բայց չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, քանի դեռ ջանք գործադրված չէ կյանքի կոչելու համաձայնությունը, որը նախորդ անգամ չեղարկվեց, դարձավ առոչինչ»,- նշեց Զոհրաբյանը:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները փոխել են հեռտորաբանությունը ընտրացուցակների հրապարակման տարբերակի վերաբերյալ, նախկինում՝ դեմ էին, մեջբերում էին Վենետիկի հանձնաժողովի բացասական դիրքորոշումն այս հարցում, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Եթե իշխանության ներկայացուցիչը մասնակցում է պրոցեսին, նշանակում է, որ կողմ են ընտրացուցակների հրապարակմանը»:
http://www.tert.am/am/news/2016/09/10/naira-zohrabyan/2129757#.V9UyZRnDd...