Իշխանությունը համաձայնել է հրապարակել քվեարկված ցուցակները, ինչին կտրականապես դեմ էր

08/20/2016

Ամիսներ շարունակ ընդդիմության եւ իշխանության 4+4+4 ձեւաչափով քննարկումների շրջանակում հաստատված Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմները կարող են չեղյալ հայտարարվել։ Ավելին, իշխանությունը քվերակված ցուցակները հրապարակելու հարցի առջեւ է կանգնած, ինչը նախկինում համարում էր անթույլատրելի եւ հիմնավորում, որ այն հակասում է Վենետիկի հանձնաժողովի  հաստատած կանոններին եւ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանըմինչեւ վերջ պայքարեց  ընդդիմության այս գլխավոր պահանջի դեմ՝ անհնար  համարելով դրա իրագործումը։ Թե ինչ փուլում են այս պահին իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները եւ որքանով է հավանական, որ իշխանությունը կհամաձայնի քվերակված ցուցակների հրապարակմանը, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյան, սեպտեմբերի 1-ից պետք է սկսվեր Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների տեղադրման գործընթացը, ինչը հաստատվել էր 4+4+4 քննարկումների ձեւաչափով, հակառակ դեպքում տապալվելու էր ժամանակի սուղ լինելու պատճառով։  Վերջին օրերին տեղեկություններ կան, որ հաստատված մեխանիզմները կյանքի չեն կոչվելու, եւ ընդդիմությունն ու իշխանությունը  հիմա քննարկում են քվեարկված ցուցակների հրապարակման հարցը։ Ի՞նչ փուլում են բանակցությունները։

Ըստ էության չեղարկվում է 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունները, ոչ միայն տասը մատնահետքը վերցնելու հետ կապված։ Այն կազմակերպությունները, որոնք պատրաստակամություն էին հայտնել ներբեռնել մատնահետքերը եւ նույնականացման քարտերի տպագրությունը, մասնավորապես լեհական կազմակերպությունը, արդեն հայտարարել է, որ տեխնիկապես հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որովհետեւ իշխանության ներկայացուցիչները ամեն ինչ արեցին ժամանակ ձգելու համար, երբ որ իրենց արդեն տեղեկացվել էր անհրաժեշտ գումարը, նույնիսկ ավելին կար։  Երեկ ՀԱԿ-ի հետ քննարկեցինք  ստեղծված իրավիճակում ելքերը, շատ փակագծեր թույլ տվեք չբացեմ, մինչեւ սեպտեմբեր կամ համաձայնություն պետք է ձեռք բերենք տարբերակնեերից մեկի շուրջ կամ պետք է հայտարարենք, որ մեծ դժվարությամբ ձեռք բերված համաձայնությունը չեղարկվում է։ Մի քանի առաջարկներ հնչել են, որոնցից մեկը ընդդիմության մշտական պահանջն է՝ հրապարակել քվեարկված ցուցակները, բայց նաեւ «Բարգավաճ Հայաստանը» առաջարկել է, որ հստակեցնենք իրավական հետեւանքները քվեարկված ցուցակներում անօրինականություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքոմւ։

Դուք նշում եք, որ իշխանությունը ձգձգեց այդ գործընթացը, այսինքն՝ ստացվում  է իշխանությունը տապալեց իր իսկ կողմից հաստատած մեխանիզմները եւ համաձայնում է քվեարկված ցուցակների տարբերակին, ինչի դեմ կատաղի պայքարո՞ւմ էր։ Ձեզ հայտնի՞ է՝ ի՞նչ է փոխվել։

Հիմա, կարծես թե, դեմ չեն, Վահրամ Բաղդասարյանն էլ է հայտարարել, որ իրենք քննարկում են ցուցակները հրապարակելու տարբերակը, ինչին կատեգորիկ դեմ էին եւ անընդհատ հղում էին անում Վեննետիկի հանձնաժողովին՝ ասելով, որ քվերակված ցուցակները քաղաքացու քվերակության գաղտնիության իրավունքին դեմ է։ Իմ տպավորությամբ՝ բանակցությունների ֆոնն այնպիսին է, որ կարծես թե իրենք համաձայնության են գալիս քվեարկված ցուցակները հրապարակելուն։

Ձեր կարծիքով, իշխանությունն այս ընթացքում համոզվեց, որ ձեռնտու չէ՞ հաստատված տարբերակը, եւ նախընտրեց քվեարկված ցուցակների հրապարակո՞ւմը, ինչո՞ւ։

Չեմ կարող ասել, ինձ համար հասկանալի չէ, երբ որ խորհրդարանում քննարկումները սկսվեն, կարծում եմ՝ նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանին այդ հարցերը կուղղվեն։

Դուք մեզ  հետ զրույցում ասել էիք, որ  պահանջված 16 միլիոնը դոնորները տրամադրել են վերահսկողական համակարգի ներդրման համար, հիմա եթե դա չեղյալ հայտարարվի,  գումարը տրամադրելո՞ւ են։

Եթե չեղյալ է հայտարարվում 4+4+4 ձեւաչափով  հաստատաված մոդելը, որի համար անհրաժեշտ էր գումարը, եւ հաստատվի քվեարկված ցուցակների հրապարակման տարբերակը, կարծում եմ՝ գումարը չեն տրամադրի։

 

http://news.am/arm/news/342683.html