Ինչպես է ստացվել, որ ԲՀԿ-ն Փաշինյանի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը չի միացել
Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հրավիրել արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ժամը 17:00-ի դրությամբ, երբ ավարտվեց ստորագրահավաքի վերջնաժամկետը, իր նախաձեռնությանը միացել են 19 պատգամավորներ: Այսինքն՝ անհրաժեշտ 25 պատգամավորների ստորագրությունն այդպես էլ չգտնվեց: Նկատենք, որ Փաշինյանի կողմից հրապարակված ցանկում ԱԺ ԲՀԿ խմբակցության փաստացի որեւէ պատգամավորի անուն չկա: Թեեւ ԲՀԿ մամուլի խոսնակը մի քանի ժամ առաջ արդեն իսկ հայտարարել էր, որ իրենց խմբակցության 4 պատգամավորներ միանում են նախաձեռնությանը: Ինչո՞ւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ոչ մի պատգամավորի անուն Փաշինյանի ցուցակում չկա: ArmLur.am-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից, ով Հայաստանում չէ: «Մեր խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կապ է հաստատել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հետ եւ ասել, որ ԲՀԿ խմբակցությունից կան պատգամավորներ, ովքեր Հայաստանում են եւ պատրաստ են միանալ նման նախաձեռնությանը: Ես այս պահին հանրապետությունում չեմ, բայց արագ կազմակերպել եմ, արտերկրից նոտարով հաստատված լիազորագիր եմ ուղարկել, որպեսզի Վահե Էնֆիաջյանը կարողանա նման իրավիճակներում իմ անունից ստորագրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ցանկացած նախաձեռնության տակ՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը: Ժամը 16:00-ի սահմաններում Վահե Էնֆիաջյանը ասել է, որ պատրաստ ենք ստորագրելու, Ալեն Սիմոնյանը խնդրել է նրան՝ ասել ստորագրահավաքին միացողների անունները, ինչը արվել է: Սակայն մինչեւ ժամը 17:00-ն՝ այսինքն ստորագրահավաքի վերջնաժամկետը, մեր խմբակցության ներկայացուցչին որեւէ կերպ ստորագրահավաքի ձեւթուղթը չի փոխանցվել՝ այն ստորագրելու համար: Ես այս պահին ձեռնպահ եմ մնում այլ մեկնաբանություններ անելուց»: Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ իրենք պատրաստ են երկրում առկա նման իրավիճակներում ստորագրել ցանկացած նախաձեռնության տակ՝ անկախ նրանից, թե ով է հեղինակը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ բացի իրենից պատրաստ են ստորագրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արմեն Ավետիսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահագն Մախսուդյանը: Հավելենք, որ եթե Փաշինյանը կրկնի նախաձեռնությունը, անհրաժեշտ 25 պատգամավորներից Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը ու Միքայել Մելքումյանը կմիանան, որոնք արտերկրում են եւ 7 հոգի էլ՝ ԲՀԿ խմբակցությունից: Անհրաժեշտ կլինի «պեղել» եւս 16 պատգամավոր, որպեսզի արտահերթ նիստը կայանա: Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ` հասկանալու համար, թե ինչու չի հաջողվել կազմակերպել ԲՀԿ պատգամավորների ստորագրման գործընթացը: Ի պատասխան` Սիմոնյանը նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել, քանի որ իրեն զանգահարելու ընթացքում Էնֆիաջյանը Երևանի ճանապարհին է եղել և ժամկետի առումով չեն հասցրել կազմակերպել այն: