Ինչու է ԵԽԽՎ նախագահն անջատել հայ պատվիրակների խոսափողները Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/17/816754/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոր մանրամասներ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը եզրափակվեց սկանդալով: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ազատ դեբատների ընթացքում անջատեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհրաբյանի խոսափողները: Վիճաբանությունը ծագեց այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, թե Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, եւ այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»: Նշենք, որ Միքայել Դանիելյանը մահացել էր սրտի կաթվածից: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ելույթում կարճ հակադարձեց Հուսեյնովին, այնուհետեւ խոսեց ԵԽԽՎ-ի կոռումպացված լինելու մասին` վկայակոչելով ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, որը Միլանի դատախազության կողմից 2012-2014թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար է մեղադրվում: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհատեց հայ պատվիրակին` պատճառաբանելով, թե դատական գործընթացի տակ գտնվող գործի մասին իրավունք չունի խոսել: Այս միջադեպին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որի ընթացքում տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե Ռաֆայել Հուսեյնովին առաջարկում է դիմել հոգեբույժի: Այնուհետեւ գոռգոռալով արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` հայտարարելով, թե վարկաբեկում եք մարդկանց: Տիկին Զոհրաբյանը շարունակեց ելույթը, Ագրամունտն անջատեց նրա բարձրախոսը` հայտարարելով, թե իրավունք չունեք խոսելու, տիկին Զոհրաբյանն էլ, թե՝ Դուք էլ իրավունք չունեք ինձ ընդհատելու, քանի որ Դուք եւս Ադրբեջանի կողմից կաշառված լոբբիստ եք, եւ դրա համար ձեզ ձեռք չի տալիս, որ այս ամբիոնից հնչի մեկ այլ կաշառված գործչի մասին: «Առավոտը» զրուցեց Ստրասբուրգում գտնվող Նաիրա Զոհրաբյանի հետ: Հետաքրքրվեցինք` արդյոք Պեդրո Ագրամունտի հակահայկական դրսեւորումները ծայրահեղական բնույթ չե՞ն սկսում կրել, նա պատասխանեց. «Սա աննախադեպ է ԵԽԽՎ-ի համար, անգամ եվրոպացի պատգամավորներն արձանագրեցին, որ ուղղակի անթույլատրելի պահվածք էր Ագրամունտի կողմից խախտել կանոնակարգը եւ լռեցնել պատգամավորին, որն իրավունք ունի ազատ դեբատների ժամանակ խոսել ցանկացած խնդրից»: Տիկին Զոհրաբյանն ասաց, թե հասկանում է Ագրամունտի հիստերիկ վիճակը, քանի որ այս նստաշրջանի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը եւս նրան կոնկրետ մեղադրանք ներկայացրեց ռուսական լոբբիստ լինելու եւ Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար: Ըստ Նաիրա Զոհրաբյանի տեղեկությունների` ուկրաինական պատվիրակությունը լուրջ փաստեր ունի Ագրամունտի լոբբիստ լինելու մասին, եւ առաջիկայում կներկայացնեն դրանք. «Երեւի դա է այս նստաշրջանի ընթացքում Ագրամունտի ուղղակի հիստերիկ պահվածքը եւ այն, որ նա կամայականորեն ընդհատեց իմ եւ Նաիրա Կարապետյանի ելույթները»: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ անմիջապես նիստից հետո Ագրամունտին է հանդիպել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ տեղեկացրել, որ իրենք իրավական առումով հետամուտ են լինելու: Տիկին Զոհրաբյանն այս առիթով մանրամասնեց. «Բնականաբար, բողոք եմ ներկայացնելու թե՛ բյուրոյով, թե՛ ԵԽԽՎ նախագահություն առ այն, որ Պեդրո Ագրամունտը, կոպտագույն կերպով խախտելով իմ իրավունքները՝ թույլ չի տվել ավարտին հասցնել իմ խոսքը»: Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ն էր կատարվածի վերաբերյալ ԵԽԽՎ պատվիրակների արձագանքը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ պահին դահլիճում հիմնականում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակության անդամներն էին, նրանք լռում էին, նաեւ լռում էր Հուսեյնովը, որին խորհուրդ եմ տվել հոգեբույժի հետ կոնսուլտացիա անել, եւ, չգիտես ինչու, նրա փոխարեն իրեն անվայելուչ կերպով պահեց Պեդրո Ագրամունտը: Բայց նա նույն Ռաֆայել Հուսեյնովին չընդհատեց, երբ նա լկտի մեղադրանքներ էր հնչեցնում»: Մեր այն հարցին` նման առճակատումը ի վնաս հայկական կողմի չէ՞, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Վնասակար կլիներ, եթե մեղավոր լիներ հայկական պատվիրակությունը: Բայց հետեւողական կերպով առճակատում հրահրում է Ագրամունտը, եւ ազգային մի քանի պատվիրակություններ լուրջ խնդիր ունեն նրա կողմնապահ վերաբերմունքի հետ կապված: Ագրամունտը հասկանում է, որ իր գլխին լուրջ խնդիրներ են կուտակվել, եւ հատկապես ուկրաինական պատվիրակությունը հետեւողական է տրամադրված Ագրամունտին պատժելու հարցում, եւ մենք պարտավոր ենք կանոնակարգի բոլոր դրույթներով պաշտպանել մեր իրավունքները»: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրեց, որ կոռուպցիան ԵԽԽՎ-ում այլեւս բացահայտ երեւույթ է. «Լռեցնել ինձ, երբ ես խոսում էի ԵԽ-ում կոռումպացված մեխանիզմների եւ երեւույթների մասին, երբ մատնանշում էի կոնկրետ օրինակ, սա մեկ բան է նշանակում, որ Ագրամունտը որպես հայտնի կոռուպցիոներ շահագրգռված չէ, որ ԵԽԽՎ-ում այդ հարցը քննարկվի»: Տիկին Զոհրաբյանը եզրափակեց` վստահեցնելով, որ հետամուտ են լինելու, որ Պեդրո Ագրամունտը կանոնակարգով նախատեսված իրավական պատասխանատվության ենթարկվի:
http://www.aravot.am/2016/10/17/816754/