Ի՞նչ են քննարկել երեկ ԲՀԿ-ականները․

01/19/2017

Երկու տարվա դադարից հետո բացելով քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի գինու, օղու կոմբինատը կրկին քաղաքական գործունեության վայր կդառնա․ երեկ «կանյաչնիի» գրասենյակային հատվածի ապակիների վրայից հեռացվում էր «Արմշուզ» ցուցասրահի պաստառը: Հենց երեկ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին Գագիկ Ծառուկյանը նիստի էր հրավիրել: «Հրապարակ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց, որ ըստ էության, հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր տեսանկյունը։ Հանդիպմանը ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 62 տարածքային կառույցի ղեկավարները և ԲՀԿ խմբակցության պատգամավորները։ «Կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկություն եղավ Գագիկ Ծառուկյանին կրկին ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ընդ որում, այդ նույն առաջարկությունը վերահաստատեց նաև ներկայիս կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը»։ -Պարոն Ծառուկյանը, ի՞նչ պատասխանեց։ Գագիկ Ծառուկյանը այս պահի դրությամբ պատասխան չտվեց, դեռ կմտածի և այս հարցի հետ կապված իր պատասխանը կասի։ -Առաջիկայում համագումար նախատեսվո՞ւմ է հրավիրել։ Մենք այս պահի դրությամբ համագումարի հարց չենք քննարկում։ -Իսկ հավաքվելու մտադրությո՞ւն էլ չունեք։ Ես կարծում եմ՝ առաջիկայում բազմաթիվ հավաքներ, հանդիպումներ մենք ունենալու ենք և ամբողջական թիմը այս պահի դրությամբ պատրաստվում է 2017 թ կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ -Գուցե «Համախմբում» կուսակցության հետ միանա՞ք, վերջինս ողջունել էր Գագիկ Ծառուկյանի վերադարձը։ Գագիկ Ծառուկյանը իր հայտարարության մեջ ամեն ինչ ասել է, և բոլոր քաղաքական ուժերը, որոնք կընդունեն մեր մոտեցումները, ծրագրերը, այն օրակարգը, այն խնդիրները, որոնք ձևակերպում ենք օրհասական և դրանք պետք է լուծել, ըստ էության, բովանդակային հանդիպումներ և քննարկումներ առաջիկայում տեղի կունենան։ -Այսինքն՝ այս պահին քննարկումներ չկան։ Դա բաց հրապարակային հայտարարություն է եղել, ոչ միայն մեկ քաղաքական ուժի մասով, այլեւ առհասարակ ՀՀ-ում գործող բոլոր հասարակական, քաղաքական գործիչները, միավորները կարող են այս հարցի համատեքստում իրենց մասնակցությունը ունենալ։ -Տեղեկություններ կան, որ ԲՀԿ շտաբում կարեւոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին։ Իշխան Զաքարյանի մասնակցությունը չեմ բացառում մեր աշխատանքներում։ -Մամուլը գրել էր, որ Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Գործընթացը ընթացքում է գտնվում, բայց ամեն ինչ իր ժամանակին։ -Դաշինքի ցուցակում առնվազն 3 նախկին նախարարների անուններ է քննարկվում՝ Ալիկ Արզումանյանի, Հովհաննես Մանուկյանի, Գևորգ Պետրոսյանի։ Ինչի՞ եք շտապում, ամբողջ գործընթացը առջևում է, դուք փորձեք ճշտել տվյալ անձանցից, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Աննա ՊԱՊԻԿՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am
 

http://www.hraparak.am/?p=135147&l=am/inch+en+qnarkel+erek+bhk-akanery+h...