Թուրք նախարարը հրաժարվել է պատասխանել հայ պատգամավորի հարցերին
Այսօր Ստամբուլում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց է ուղղել Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուկ Օզլուին, որոնցից երկուսը՝ որպես թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, մեկը՝ որպես ոլորտային նախարարի: Մելքումյանը նախարարին առաջարկել է մեկնաբանել նախորդ օրը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերն առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է: Մելքումյանն իր խոսքում միանշանակ մերժել է այդ պնդումն ու արձանագրել, որ տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, ինչը ապացուցման կարիք չունի: Երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հանցագործ իշխանության սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թուրքական կառավարության միակողմանի պրովոկացիոն հայտարարությանը, որտեղ իրական գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին: Իր երրորդ հարցով պատգամավորն անդրադարձել է այն փաստին, որ թուրքական կառավարությունը ֆինանսավորում է Իսլամական պետությանը, մինչդեռ թուրքական տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, ուստի նրանց կառավարության ներկայացրած բարեփոխումները ըստ էության՝ առ ոչինչ են: Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուկ Օզլուն հրաժարվել է պատասխանել հայ պատգամավորի հարցերին, հայտարարելով, որ ինքը չի պատասխանում քաղաքական բնույթի հարցերի:
ԲՀԿ մամուլի ծառայություն