Զոհրաբյան. Դա ուղղակի շահարկում է, թե միջազգային հարթակներում ուժերի բալանսը հօգուտ Ադրբեջանի է

10/17/2016

Թյուր է այն կարծիքը, թե Ադրբեջանը նավթադոլարների ու ֆինանսական խոշոր ներարկումների շնորհիվ ուժեղացնում է իր դիրքերը միջազգային կառույցներում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ մասնակցում էր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին և հերթական անգամ բախվեց նավթադոլարների ազդեցությամբ ծնած «եվրոպական խտրականությանը»:

«Ես կասեի, որ այժմ նույնիսկ հակառակ իրավիճակն է, երբ թեև Ադրբեջանի նավթադոլարները, ցավոք, աշխատում են, բայց դա շատ ավելի արտաքին իմիտացիա է, քան իրական գործընթաց, որովհետև բոլորի համար արդեն պարզ է, այդ թվում նաև նրանց, ովքեր այդ ներարկումներից օգտվում են, որ Ադրբեջանը ուղղակի ավտորիտար ռեժիմով պետություն է»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարևոր էր, որ անցած շաբաթ վեհաժողովի լիագումար նիստում քննարկվեց իտալացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դատաքննության հարցը, թե ինչպես է Վոլոնտեն ու իր խումբը Ադրբեջանի կողմից ստացել 2 մլն 400 հազար դոլար: Նրա խոսքով, նիստին ներկա էին նաև իտալական լրատվամիջոցներ, իսկ գործն ու ամբողջ շղթան բացահայտել է Միլանի դատախազությունը, այնպես որ այս գործը մեծ ռեզոնանս կստանա նաև Իտալիայում.

«Ես հույս ունեմ, որ այս գործը շատ լուրջ զսպող օղակ կարող է լինել ԵԽԽՎ այն պատգամավորների համար, ովքեր յուրաքանչյուր ամիս հստակ ֆինանսավորում են ստանում Ադրբեջանից: Իսկ այդպիսիք տասնյակն են: Եվ պատահական չէ, որ Պեդրո Ագրամունտը ուղղակի հիստերիայի մեջ էր ընկնում ամեն անգամ, երբ դահլիճում հնչում էր Լուկա Վոլոնտեի հարցը, որովհետև նույն Ագրամունտի դեմ նաև ուկրաինական պատվիրակությունն է գործընթաց սկսել՝ նրան մեղադրելով Ռուսաստանի կողմից կաշառված լինելու մեջ: Ինչպես ասում են՝ ջինը արդեն շշից բաց է թողնված, և մենք ունենք նաև տեղեկություններ, որ մի քանի այլ պետությունների իրավապահ մարմիններ սկսել են զբաղվել իրենց երկրների ԵԽԽՎ պատգամավորներով, որոնց վրա ևս դոսյեներ կան՝ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվելու կասկածով»,- տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Այնպես որ, հավելեց նա, Ադրբեջանը դեռ պետք է կարողանա բոլոր այդ խնդիրների ու մեղադրանքների պատասխանը տալ, ինչը բացառում է այն շահարկումը, թե միջազգային հարթակներում ուժերի բալանսը հօգուտ Ադրբեջանի է, թեկուզ և հենց այսօր, երբ մի քանի տասնյակ պատգամավորներ ԵԽԽՎ-ում պրոադրբեջանական լոբբիզմի համար ամսական հսկայական ֆինանսական ներարկումներ են ստան ում Ալիևի աշխատակազմից:

Հիշեցնենք, Նաիրա Զոհրաբյանը աշնանային նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել է իր հանդեպ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի խտրական վերաբերմունքի մասին՝ նշելով, որ Ագրամունտը իրեն ելույթի հնարավորություն չի ընձեռում, ապօրինի ելույթի հերթագրումը կատարում այնպես, որ ժամանակը չհերիքի, իսկ քարտուղարություն հանձնած ելույթի տեքստերը անձամբ խմբագրում, որպեսզի Ադրբեջանի հասցեին հայ պատվիրակի սուր քննադատությունը տեղ չգտնի վեհաժողովի պաշտոնական կայքում: Խնդիրը հասել է նրան, որ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարՀերմինե Նաղդալյանը հորդորել է Պեդրո Ագրամունտին ավելի անկողմնակալ ու անաչառ լինել և անօրեն կերպով չզրկել հայ պատվիրակներին ելույթի հնարավորությունից: Եվ Վոլոնտեի հարցի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Լուկա Վոլոնտեն վեհաժողովում միակ կոռումպացված պատգամավորը չէ և առաջարկել էր հրապարակային քննարկման դնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հարցը։

 

http://www.verelq.am/hy/node/12095