Երիտասարդներն ու ուսանողները պաշտոնապես կունենան տոն օր

09/09/2015

2013թ. դեկտեմբերի 16-ին Ազգային Ժողովում Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից շրջանառության մեջ դրվեց տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր պետական տոների օրացույցում ունենալ երիտասարդների և ուսանողների օր:
Հիմք ընդունելով այն փաստը, որ երկրի պաշտոնական տոնացույցում բացակայում է ուսանողներին և երիտասարդներին հատկացված տոն օրը և դրա պահանջված լինելը, կազմակերպեցինք մի շարք հարցումներ ուսանողների շրջանում, թե վերջիններս ամրագրված տոնի անհրաժեշտությունը որքան են զգում:
Հարցված ուսանողների բացարձակ մեծամասնությունը կողմ արտահայտվեց պաշտոնական տոնի գաղափարին: Դրանից հետո հանդիպեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին: Վեհափառը նույնպես կարևորեց երիտասարդների և ուսանողների օր ունենալու գաղափարն ու անհրաժեշտությունը:
2013թ. դեկտեմբերից 16-ից հետո՝ 2014թ հունվարի 16-ին և 2014թ. թվականի մայիսի 6-ին ՀՀ կառավարությունն ու ՕԵԿ խմբակցությունը նույնպես հանդես եկան նմանատիպ առաջարկներով:
ԲՀԿ-ի համար երբեք ինքնանպատակ չի եղել որևէ նախագիծ ներկայացնելը և այս պարագայում նույնպես մեզ համար սկզբունքային է, որ երիտասարդն ու ուսանողը՝ չմերժելով միջազգային օր լինելու փաստը, կընդունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված իր օրը, որը կդառնա Ազգային տոն:
Հիմք ընդունելով վերոնշյալը, որոշվեց հանդես գալ համահեղինակության նախաձեռնությամբ, որով երիտասարդներն ու ուսանողները կունենան հստակ տոն օր, որն ունենալու է բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա ազգային տոն:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց Ազգային Ժողովի մեծ օրակարգ ընդգրկել ուսանողների և երիտասարդների տոն ունենալու նախագիծը, որը, վստահ եմ, հաստատվելու է խորհրդարանի կողմից:
Մեր երիտասարդներն ու ուսանողներն ունեն հատուկ օր ունենալու իրավունքը, ինչպես ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում: