Երբ կալանավորը «լիրիկա» է ուզում…
«Ամանորյա տոներից առաջ խմբակցությունով այցելում էինք կալանավայրեր և «Նուբարաշենում« պետի մոտ նստած էինք, երբ մտավ աշխատակիցներից մեկն ու ասաց, որ կալանավորներից մեկը շատ ծանր է, «լիրիկա» է ուզում։ Ես էլ չգիտեի, որ նման դեղահաբ կա, ու մտածում եմ՝ այս ի՜նչ ինտելեկտուալ կալանավոր է, որ պոեզիա է ուզում։ Բայց պետը հրահանգեց չտալ «լիրիկա»՝ նշելով, որ այդ կալանավորն իր «դոզան» արդեն ստացել է»,- 168.am-ի հետ զրույցում ամանորյա կուրիոզ մի դեպք պատմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Կարծելով, թե վերջապես մի ինտելեկտուալ կալանավոր է գտնվել, որին, սակայն, չեն ուզում պոեզիա տրամադրել, Ն.Զոհրաբյանն առաջարկել է իր տանից Եսենինի, Լերմոնտովի գրքեր բերել. «10 րոպե պահանջվեց, որ ես և կալանավայրի պետն իրար հասկանանք, թե ինչ «լիրիկայի» մասին է խոսքը։ 10 րոպե վիճում էինք, ասում եմ՝ դուք գրադարան չունե՞ք, ինչի՞ եք տանջում էդ մարդուն։ Ասում է՝ գրադարանում «լիրիկա» չի լինում։ Ես էլ ասում եմ՝ տանից կբերեմ, զարմացած ինձ է նայում, թե տանը թմրանյութ ունի։ Ես էլ զարմանում եմ, թե մարդկանց լիրիկան դոզայով են տալիս։ Պարզվեց, որ դա թույլ դեղ է, որը տալիս են թմրանյութից կախվածություն ունեցողներին»։