ԵՐԱԶԱՆՔ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

11/17/2008
Այսօր բազմաթիվ են ընտանիքները, հատկապես բազմազավակ, որոնք զուրկ են սեփական օջախից եւ որոնց միակ երազանքը սեփական տանիք ունենալն է։  Եվ ահա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմազավակ մի քանի ընտանիքի ամենանվիրական երազանքն իրականություն դարձրեց, եւ նրանց շնորհեցին կյանքում ամենացանկալի ու թանկ նվերը՝ սեփական օջախը։

Շաբաթ առավոտյան ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ. այնտեղ նրանց արդեն անհամբեր սպասում էին բազմազավակ երեք ընտանիք, որոնց կյանքի ամենակարեւոր երազանքը իրականություն էր դարձել։ «Իմ որդու՝ Գագիկ Ծառուկյանի ցանկացած խոսք անմիջապես վերածվում է արժանապատիվ գործի, Աստված ընտրել է իմ որդուն, բարեգործություն անելը Աստծո տվածի մի մասը օգնության կարիք ունեցողներին վերադարձնելն է»,- ասաց ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը։ Մարտունի քաղաքում 9 զավակ՝ յոթ տղա ու երկու աղջիկ ունեցող Հասոյանների ուրախությունը կիսելու էին եկել քաղաքապետը, տեղի ԲՀԿ կառույցի պատասխանատուներն ու բազմաթիվ մարտունեցիներ, ովքեր տանտերերի չափ հուզված եւ ուրախ էին։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հաջորդ կանգառը մարզի Վարդենիս քաղաքն էր: 10 զավակ ունեցող Նունեյանների ու 6 զավակ ունեցող Մանուկյանների ընտանիքները եւս ստացան Գագիկ Ծառուկյանի նվերը՝ բնակարան։ Վարդենիսի քաղաքապետն իր շնորհակալական խոսքում ասաց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արժանի եւ ճիշտ ընտրություն է կատարել։ Այս ընտանիքներում եւս հուզմունքը մեծ էր: «Հիմա արդեն ես հանգիստ եմ իմ ընտանիքի համար, իմ զավակները հայրական տուն ունեն, ու նրանք իրենց ողջ կյանքում հիշելու են, որ այս օջախը իրենց նվիրել է մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը»,- ասաց ընտանիքի հայր Անդրանիկ Մանուկյանը։

Օրը ավարտվեց. բազմազավակ ու կարիքավոր երեք ընտանիք եւս սեփական օջախ ունեցան։ Եվ դա լավագույն նվերն է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որ ստացան հայրենիքին ապագա զինվորներ պարգեւած բազմազավակ ընտանիքները։