Ես բնութագրում եմ նորմալ ընտրություններ, չեմ ասում` ժողովրդավարական. ԲՀԿ-ական պատգամավորը` հանրաքվեի մասին
Հանրաքվեն նորմալ է անցել, ընտրությունները նորմալ էին, իսկ որեւէ մեկն ունի՞ արդար ընտրությունների չափման մեխանիզմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն` անդրադառնալով հանրաքվեի արդյունքների կեղված լինելու մասին ընդդիմադիրների հայտարարություններին:
«Կա փաստացի վիճակ, արդյունքներ, միշտ էլ կարող են ինչ-որ խախտումներ լինեն, որոնք էական չփոխեն բովանդակությունը: Բայց կարծում եմ` սա նա է, որ էդ արմատական ազդեցությունը չի ունեցել»,-ասաց Մելքումյանը` շեշտելով, որ ինքն այս պատկերը տեսնում էր «Այո եւ ոչ» հեռուստաշուի ժամանակ:
«Մարդկանց դժգոհությունը Սահմանադրությունից չէր, որ այն վատն է, եթե մասնակցությունը շատ լիներ, կարող էր «Ոչ»-ի օգտին մի քիչ շատ լիներ, բայց կարծում եմ, որ ժողովրդի դժգոհությունը սոցիալական տնտեսական վիճակից է: Ես բնութագրում եմ նորմալ ընտրություններ, ես չեմ ասում` ժողովրդավարական»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը): Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824: Հանրաքվեին, նախնական տվյալներով, ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, մասնակցել է 1 մլն 303 հազար 466 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Դա մոտ 9,5 տոկոսով պակաս է, քան 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցության թիվը: